Այլ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ԿԳՄՍ-ից մոտ 3 միլիոն ստացած, սատանիստական, սորոսական ու ապազգային որակված ներկայացումն այլեւս չի ցուցադրվելու

Նոյեմբերի 2-ին Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը ցուցադրվեց առաջին եւ վերջին անգամ:

Պետությունից 2 միլիոն 700 հազար դրամ ստացած ներկայացումն այլեւս չի ցուցադրվի, եւ ոչ այն պատճառով, որ բեմադրությունը շատերի կողմից որակվել է սատանիստական ու ապազգային, ոչ էլ այն պատճառով, որ արժանացել է մտավորականության զգալի հատվածի մեղմ ասած քննադատություններին: «Ժամանակակից արվեստի ներկայացումները սովորաբեր մի անգամ են լինում: Կրկնելը ընդունված չէ»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ներկայացման մասնակիցներից Հասմիկ Խաչունցը, որը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է:

«CoCholab» դպրոցի 12 հոգուց բաղկացած թատերախմբի սպիտակ հագուստներով ու կապույտ մազերով (ոչ բոլորը) աղջիկների միաժամանակյա ճիչերը, անբնական շարժումներն ու թավալգլոր գալն ականատեսներից մի մասի մոտ անգամ վախի նոպաներ էր առաջացրել: Որոշ տղամարդկանց մոտ ներկայացումը տեսնելուց հետո զայրույթը գլուխ բարձրացրեց, որն ուղեկվեց վիրավորանքներով ու թատերախմբի նկատմամբ բռնության կիրառմամբ:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը, որը նույնպես ներկայացման մասնակիցներից էր, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ հանրության ուշադրությունն ու քննադատությունները սխալ կողմ էին ուղղվել: Ավելի վաղ նա հայտարարել էր, թե իրենք են արել հեղափոխությունը եւ իրենք նաեւ պատասխանատու են մշակութային հեղափոխության համար:

«Մենք մտածում էինք, որ գոնե մի փոքր ավելի առողջ կքննադատվեր, ոչ թե ասոցացվեր Սորոսի, սատանիստների կամ հայազգի համար այլ չարիքների հետ: Տեխնիկան փչացրեցին, լարերը կտրտեցին, երաժշտությունն անջատվեց, հետո ձայնը չէր լսվում, Լիլիթը ստիպված եղավ ռուպրով արտասանել»,- պատմեց նա՝ հավելելով, որ փորձից առաջ իրենք արդեն սպասել են նման կտրուկ արձագանքի:

Խաչունցի խոսքով՝ ներկայացման վերջին մասն ավելի շատ պայաքար է եղել իրենց չընկալող ու չընդունող հանդիաստեսի հետ:

««Հուզանք ու զանգ»-ը հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու եւ շարժվելու ձեւի հանրային ընկալումը: Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գեւորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով եւ Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ: Ֆուտուրիզմ պոեզիան ապագայի ձայնն է այն անցյալում, որը գալիս է հռչակելու արվեստագետի ներկայությունը՝ կատարելով ստեղծագործական աշխատանք, մարդկանցից կազմված շարժվող լաբորատորիայի փորձարկումներ եւ կնոջ մարմնի հանրային ներկայության ազատագրում՝ արվեստ անելով»,- մանրամասնեց Հասմիկ Խաչունցը:

Ինչ վերաբերում է ներկայացման մեջ իր մասնակցությանն ու դրա շուրջ հնչող բացասական կարծիքներին, ապա ավագանու անդամը նկատեց՝ արդեն երկար տարիներ է՝ պարով է զբաղվում, որպես հոբբի, եւ ոչ ոք իրավունք չունի իրեն դա արգելել: Նա նաեւ օրինակ բերեց այսօր քաղաքականությամբ զբաղվող այլ մշակութային գործիչների՝ ասելով. «Տիկին Պիպոյանն էլ, Արթուր Իսպիրյանն էլ իրենց աշխատանքից բացի էլի շարունակում են զբաղվել արվեստով: Այդ քննադատություններն ուղղակի ծիծաղելի էն, եթե ես դերասան լինեի, ու պետք լիներ գոռալ, ես կգոռայի»:

Անդրադառնալով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տրամադրած դրամաշնորհին՝ Հասմիկ Խաչունցը նշեց, որ այդտեղ իր գործոնը չկա, եւ գրանտի մասին էլ բավական ուշ է տեղեկացել:

Հ. Թումանյանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ներկայացումը տեսել է միայն համացանցով: Այնուամենայնիվ, որոշակի կարծիք է ձեւավորվել արվեստագետի մոտ. «Մշակութային առումով բավականին հում գործ էր: Կարծում եմ՝ կար պրոֆեսիոնալիզմի պակաս»:

Գեղարվեստական ղեկավարը, սակայն, ցավով փաստեց, որ ներկայացման մասին խոսակցությունները ծավալվել են ոչ թե գեղագիտության շրջանակներում, այլ բոլորովին մեկ այլ դաշտում ու մակարդակի վրա, որը տվյալ պարագայում անթույլատրելի է: «Հենց որ արվեստի գործը տեղափոխում ենք մեկ այլ դաշտ, մենք միանգամից այն արժեզրկում ենք: Մի կողմը ասում է՝ ինչ-որ սատանիստական բաներ են, այդ խեղճ աղջիկներին ինչ ասես ասում են, մեղադրում: Սրանք էլ մեկ այլ դիրք են բռնել, թե մենք հեղափոխական ենք, որը ոչ մի կապ չունի արվեստի հետ: Ուղղակի արդեն զավեշտ է, տպավորություն է, թե բերել են հիվանդին բուժզննման, բայց ոչ թե առողջապահական հարցերն են քննարկում, այլ մազերի գույնը, քաղաքական հայացքները»,- զուգահեռ անցկացրեց Ռուբեն Բաբայանը:

Վերջինս անընդունելի է համարում որեւէ ադմինիստրատիվ արգելքը նման պարագայում: «Մեր երկրում հիմա մի պարադոքսալ բան է կատարվում, պետական պաշտոնյան, ԿԳՄՍ նախարարն ասում է, որ ցենզուրա չպետք է լինի: Սա մի բան է, որի մասին կարելի էր միայն երազել: Հանրության մի մասը, նաեւ արվեստագետների մի մասը վստահ են, որ ցենզուրա պետք է: Սա նոնսենս է ամբողջ աշխարհում: Գուցե եւ որոշ պաշտոնյաներ իրականում չեն ասել, բայց արել են, արգելքներ են դրել ստեղծագործողների դեմ»,- ասաց նա:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նաեւ նկատեց, որեւէ պաշտոնյա այդ թվում եւ Արայիկ Հարությունյանը չէր կարող տեղյակ լինել ամբողջ ոլորտից: Բաբայանը եւս մատնանշեց, որ ներկայացման համար դրամաշնորհ է հատկացրել հատուկ հանձնաժողովը: «Այստեղ պետք է խոսել այն մասին, թե հանձնաժողովն ինչ ակնկալիքներ ուներ: Մենք հաճախ մեր մշակույթը փորձում ենք սահմանափակել գաղութի շրջանակներով, բայց մենք գաղութ չենք, մենք պետություն ենք: Եթե մենք պետություն ենք, ուրեմն բաց ենք արվեստի տարբեր ձեւերի համար»,-եզրափակեց  նա:

Ներկայացումը, որը ֆինանսավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տրամադրած դրամաշնորհային ծրագրով, հավանության է արժանացրել ԿԳՄՍ 6 հոգուց կազմված գեղագիտական խորհուրդը: Դրանում ընդգրկված են եղել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանը, օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը, բալետի մենապարուհի Մարիա Դիվանյանը եւ երգիչ Գոռ Սուջյանը:

«ՀուԶանք ու Զանգ» ներկայացումից հետո հանրության կողմից առանձնակի բացասական տրամադրվածություն նկատվեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նկատմամբ: Շատերը հայտարարեցին, որ նա կառավարելու ոչ ճիշտ մոտեցումներ ունի՝ պահանջելով նախարարի հրաժարականը: Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հարությունյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Նա նաեւ նշեց, որ ցանկանում են այսուհետ դրամաշնորհները տրամադրվել ըստ պետության կողմից սահմանված առաջնահերթություների, որպեսզի այդ գումարները համակարգային, ինստիտուցիոնալ ազդեցություն ունենան մշակութային ոլորտի վրա, նաեւ չլինեն առանձին միջոցառումների համար:

«Իհարկե, առանձին միջոցառումներ էլ կլինեն, եթե հանձնաժողովները որոշեն, որ դրանք արժեքավոր եւ բացառիկ են ֆինասնավորման համար, որի արդյունքում գուցե այդ ոլորտը զարգացում ունենա: Մենք տարեկան 903 մլն դրամ ենք տրամադրում դրամաշնորհների ծրագրերին, եւ այս ծրագրին տրամադրվել է դրա չնչին՝ 0.3 տոկոսը: Նախագծերի գերակշիռ միջոցները տրամադրվել են թատրոններին, ակադամիական երգչախմբերին, նվագախմբերին եւ այլ ծրագրերի իրականացմանը»,- հավելեց նախարարը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով