Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հենց արտաքին-քաղաքական այս վայրիվերումներն էին պատճառը, որ Ադրբեջանին հնարավորություն տվեցին սկսել ապրիլյան պատերազմը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե «ապրիլյան պատերազմը հետեւանք էր Ադրբեջանի դիվանագիտական պարտության՝ բանակցային գործընթացում»: Փաստորեն ստացվում է, որ Սերժ Սարգսյանի օրոք հայկական կողմը դիվանագիտական հաղթանակ է տարել, ու դրա արդյունքում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմը, որի հետեւանքով ունեցել ենք հարյուրից ավելի զոհ եւ 800 հեկտար տարածքի կորուստ: Ինչ խոսք, ՀՀԿ-ն խիստ յուրօրինակ պատկերացում ունի «դիվանագիտական հաղթանակի» մասին:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե «ապրիլյան պատերազմը հետեւանք էր Ադրբեջանի դիվանագիտական պարտության՝ բանակցային գործընթացում»: Փաստորեն ստացվում է, որ Սերժ Սարգսյանի օրոք հայկական կողմը դիվանագիտական հաղթանակ է տարել, ու դրա արդյունքում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմը, որի հետեւանքով ունեցել ենք հարյուրից ավելի զոհ եւ 800 հեկտար տարածքի կորուստ: Ինչ խոսք, ՀՀԿ-ն խիստ յուրօրինակ պատկերացում ունի «դիվանագիտական հաղթանակի» մասին:

Իրականում ապրիլյան պատերազմը հնարավոր եղավ հենց հայկական կողմի դիվանագիտական պարտության, ավելի ճիշտ՝ միմյանց հաջորդած մի քանի պարտությունների արդյունքում: Ընդ որում՝ իրադարձությունների շղթան շատ պարզ ու տեսանելի էր: Մինչ Սերժ Սարգսյանի կառավարությունն անշեղորեն «ասոցացվում էր» Եվրամիության հետ (ու բնականաբար՝ Ռուսաստանի կողմից թշնամական վերաբերմունքի արժանանում), Ադրբեջանն օգտվում էր բարենպաստ իրավիճակից ու Ռուսաստանից հսկայական ծավալներով ժամանակակից սպառազինություն ձեռք բերում, առանց որի ապրիլյան պատերազմը հազիվ թե հնարավոր լիներ սկսել: Իսկ մեր բանակը դեռեւս «80-ականների զենքերով» էր զինված (լուրջ զինատեսակներ ձեռք բերել հաջողվեց միայն ապրիլյան պատերազմից հետո): Ճիշտ է, Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ-ին անդամակցելու «գիշերային որոշումը» կայացրեց դեռեւս ապրիլյան պատերազմից առաջ, բայց «գնացքն արդեն մեկնել էր»՝ Ռուսաստանում Հայաստանն ընկալվում էր որպես անվստահելի գործընկեր, իսկ Արեւմուտքում՝ որպես «մի գիշերվա մեջ որոշում փոխող» եւ անհուսալիորեն Ռուսաստանից կախված միավոր: Հենց արտաքին-քաղաքական այս վայրիվերումներն էին պատճառը, որ Ադրբեջանին հնարավորություն տվեցին սկսել ապրիլյան պատերազմը: Սպառազինությունը ձեռք էր բերվել, «արտաքին խաղացողների» համաձայնությունը կամ առնվազն լոյալությունը՝ նույնպես (ոչ Ռուսաստանը, ոչ Արեւմուտքն այդպես էլ միանշանակորեն չդատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան): Ճիշտ է, հայկական զինված ուժերը մեծ ճիգերի գնով կարողացան կայունացնել վիճակն ու նվազագույն կորուստներով դուրս գալ վիճակից, բայց դրանից մեր դիվանագիտական պարտությունները հաղթանակներ չեն դառնում:

Բայց ՀՀԿ փոխնախագահն ուրիշ բան էլ է ասում՝ «եթե ուզում էիք ապրիլյան պատերազմ չլիներ, զիջեիք բանակցային գործընթացում, համաձայնվեիք ադրբեջանցիների հետ, եւ պատերազմ չէր լինի»: Սա արդեն խոսում է այն մասին, որ նախկին իշխանությունները, փաստորեն, խեղաթյուրված պատկերացումներ ունեն դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության առաքելության վերաբերյալ ընդհանրապես: Որովհետեւ, ըստ նրանց՝ ստացվում է, որ մեր արտաքին քաղաքական (դիվանագիտական) հաջողությունների միակ տրամաբանական արդյունքը պատերազմի վերսկսումն է, ու եթե չենք ուզում պատերազմ՝ ուրեմն պիտի դիվանագիտական պարտություններ ունենանք: Կներեք, բայց այդ դեպքում դիվանագիտություն ընդհանրապես պետք չէ. կարելի է բանակցությունների սեղանի շուրջ պարզապես «պասլատ անել» բոլորին, եւ «հաղթական արդյունքը» (պատերազմը) երաշխավորված է:

Իրականում արտաքին քաղաքականության նպատակը հենց նոր պատերազմը կանխելն է, եւ եթե հաջողվում է հասնել այդ նպատակին՝ ուրեմն դիվանագիտության ճակատում հաղթել ենք: Իսկ պատերազմը կանխելու ճանապարհը հայտնի է: Պետք է ոչ թե անընդունելի զիջումներ անել հակառակորդին, այլ հասնել նրան, որ նախ՝ հակառակորդը չկարողանա ռազմական գերակշռություն ստանալ մեր նկատմամբ, եւ երկրորդ՝ համաշխարհային ուժային կենտրոններից նոր պատերազմ սկսելու «դաբրո» չստանա: Միայն համոզվելով, որ խնդրի ուժային լուծումն անհնար է, հակառակորդը կառուցողական բանակցություններ կսկսի:

Հենց սա էր, որ չհաջողվեց Հայաստանի նախկին իշխանություններին, ու հենց այս պատճառով էլ հնարավոր դարձավ ապրիլյան պատերազմը: Իսկ դա որպես դիվանագիտական հաղթանակ (կամ հակառակորդի դիվանագիտական պարտություն) ներկայացնելը, մեղմ ասած, այնքան էլ ազնիվ չէ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով