Հայաստանի ամենամեծ, 200 միլիոն դոլար արժողությամբ բիզնես–կենտրոնը կառուցվելու է Երևանի Աբովյան փողոցում։ Այս մասին այսօր ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, հայ-ռուսական միջկառավարական պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանը` պատասխանելով հարցին, թե ինչու՞ երկրում խոշոր ներդրումներ չեն արվում` չնայած տնտեսական հեղափոխությանը, որի մասին այդքան հաճախ հիշատակում է կառավարությունը։
«Հայաստանում ներդրումներ արվում են, թեև դժվար է դրանք խոշոր համարել։ Բայց մենք խոշոր ներդրումների ճանապարհին ենք։ Գիտեք` գումարը կայունություն ու վստահություն է սիրում։ 27 տարի շարունակ մեր երկիրը թալանում էին, իրենց «բաժինն» էին պահանջում ներդրողներից», – նշեց փոխխոսնակը։
Ընդ որում, Սիմոնյանի խոսքով, ներդրողներին վանում են դատական համակարգում առկա բազմաթիվ խնդիրները։Պատասխանելով վարորդական իրավունքների մասին հարցին` Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ խնդիրն առաջիկայում կլուծվի, ու ռուսական կողմի հետ արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ՌԴ օրենսդրության համաձայն` գործի ընդունվելուց ճանաչվում են միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի։ Այդ կարգավորման պատճառով Ռուսաստանում վարորդի աշխատանքի համար ճանաչվում են ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների վարորդական իրավունքները, բացի հայկականից։
auroranews.am