«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը որոշել է իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում։ Մինչ այս՝ խորհրդի նախագահը 2012-13 թթ․ եղել է ԼՂՀ վարչապետի խորհրդական եւ 2010-15 թթ․՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր։
Հիշեցնենք, որ եկող տարի Արցախում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների ցանկն արդեն նշմարվում է: Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, «Վերածնունդ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանը հայտարարել են, որ իրենք եւս առաջադրելու են իրենց թեկնածությունները։
Նշենք նաեւ, որ Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենալու համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու գործընթաց էր սկսել նաեւ ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, սակայն նրա նախաձեռնությունն Արցախի խորհրդարանը մերժել էր։