Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Ոստիկանությունում խոշտանգման տեսանյութի առնչությամբ ստուգումներ են իրականացվում

Համացանցում հայտնված տեսանյութի կապակցությամբ, որում ոստիկանները խոշտանգումներով ցուցմունք են կորզում, Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), իր հերթին, հաղորդում է, որ տեսանյութի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: «Նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում: Խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր», — ասված է հաղորդագրությունում:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, իր հերթին, շեշտում է, որ տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ, և ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։

«Ընդ որում, մեր իրավական համակարգում խոշտանգման համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածի կիրառության հետ կապված տարիներով կուտակված խնդիրներ կան։ Այս հոդվածով, դրա ընդունման պահից սկսած, որևէ անձ չի դատապարտվել, այսինքն՝ այն երբեք սպառիչ կիրառություն չի ստացել», — ասված է հաղորդագրությունում:

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ արդեն գրություն է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն:

azatutyun.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով