Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mersedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 150 մետր գահավիժել անդունդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետ, Սերոբ Գաբրիելյանի եւ Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ: Մահացածների մարմինները ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս եւ պատգարակով, մեծ դժվարությամբ դիերը մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու-հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի եւ նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քր. Օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների եւ վիրավորի ինքնությունը: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով պետք է վերամբարձ կռունկով կամ քարշակով դուրս բերվի անվտանգ վայր եւ տեղափոխվի ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
shamshyan.com