Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը եւ Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են հայ-ղրղզական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:

Ողջունելով վարչապետին Բիշքեկում` Սոորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ առիթ է քննարկելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կապերի զարգացման հեռանկարները: «Պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ում մեր նախագահության ընթացքում մենք ներդրել ենք բոլոր ջանքերը` կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ: Մենք շահագրգռված ենք միասնական ջանքերով դիմագրավելու բոլոր հնարավոր մարտահրավերներին, ինչպես նաեւ զարգացնելու հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ»,- ասել է Ղրղզստանի նախագահը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ հավելել, որ երկկողմ քաղաքական հարաբերություններն ունեն երկար տարիների պատմություն ու կառավարությունները պետք է քայլեր ձեռնարկեն զարգացնելու նաեւ տնտեսական համագործակցությունը: «Մենք ունենք հնարավորություն նոր թափ հաղորդելու առեւտրատնտեսական կապերին, դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ: 21-րդ դարում աշխարհագրական հեռավարությունը խնդիր չէ, պետք է սկսել այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջեւ տնտեսական կապերի խթանմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, անդրադառնալով Ղրղզստանում առկա ներքաղաքական վիճակին, նշել է, որ ուրախ է իրավիճակի կայունացման ու կարգավորման կապակցությամբ:

«Մենք սերտորեն համագործակցում ենք ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակում, ինչը ստեղծում է լավ հնարավորություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Առանձնազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը եւ Ղրղզստանի նախագահը քննարկել են հայ-ղրղզական հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, կարեւորել տնտեսական փոխգործակցության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը, գործարար կապերի ընդլայնումը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության վերաբերյալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով