«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում այս պահին ձմռան նախապատրաստական աշխատանքներ են: Արդեն պահեստավորվել է 2000 տոննա աղ և 3000 տոննա ավազ:
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը հայտնում է, որ ձնամաքրման համար նախատեսված հատուկ տեխնիկան պատրաստ է. բազմագործառութային բոլոր մեքենաները ջրցանից վերափոխվել են աղցանի:
Ըստ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանի, այս պահին կա 21 միավոր տեխնիկա, որոնք սարքավորված են ձմեռային տարեշրջանի համար, սպասում են ևս 8-ին, որոնցից 3-ն արդեն ժամանել են Հայաստան, իսկ ևս 5-ը նախատեսում են այս տարվա ընթացքում:
Քաղաքապետ Հայկ Մարությանը ևս ծանոթացել է այս աշխատանքներին.
«Պարզ է, որ մեր հիմնարկը նոր է ստեղծված և տեխնիկան մինչև վերջ համալրված չէ, ուստի կարող է անհրաժեշտություն լինի ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել նաև այլ ընկերությունների», — ընդգծել էր քաղաքապետը:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ տեխնիկայի հավաքակայանի համալրումը շարունակվում է: Այս գործին են միացել նաև Հայաստանում և արտերկրում աշխատող ընկերություններն ու գործարար անհատները: Քաղաքը նվեր է ստանում ոչ միայն ձնամաքրող, այլ նաև աղբատար մեքենաներ:
«Քաղաքը գործարարներից ընդունում է և ընդունելու է օժանդակություն՝ համայնքի խնդիրները լուծելու համար՝ լինի աղբատար, թե այլ տեխնիկա, բնակտարածքների, հանրային գոտիների բարեկարգում, այլ գույք կամ ծառայություն: Նպատակը մեկն է՝ համատեղ ուժերով օր առաջ բարելավել քաղաքային միջավայրը», -նշված է հաղորդագրության մեջ: