Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը սարսափազդու է, այսօր հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարը, մանրամասնելով՝ այս տարվա մեկուկես ամսվա ընթացքում միայն տեղում շուրջ 300 խաղաղ բնակիչ է զոհվել, գերակշռող մասը՝ կառավարական զորքերի հարձակումներից:
«Անհրաժեշտ է հնարավորինս արագ դադարեցնել արյունահեղությունն ու մարդասիրական միջանցք բացել», — պնդել է հանձնակատար Միշել Բաչելետը:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, մինչդեռ, առաջխաղացումը դադարեցնելու միտք չունի: «Մենք վաղ թե ուշ կմաքրենք Իդլիբը», — երեկ հայտարարել է նա պետական հեռուստատեսությամբ:
Սիրիայի բանակը շաբաթներ առաջ է սկսել ակտիվ առաջխաղացումը դեպի Իդլիբ, որն Ասադի ընդդիմախոսների վերահսկողության տակ մնացած վերջին բնակավայրն է:
Հարևան Թուրքիան, որը պաշտպանում է ընդդիմադիրներին, փակել է Սիրիայի հետ սահմանը, արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ հայտնվել են պաշարման մեջ, պնդում են տեղի իրավապաշտպան կազմակերպությունները:
azatutyun.am