Usadirov kanayq
Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ուսադիրով կանայք բանակ չեն զորակոչվում, նրանք զինված ուժեր մտնում են բացառապես կամավոր

Ուսադիրով կանայք բանակ չեն զորակոչվում, նրանք զինված ուժեր մտնում են բացառապես կամավոր: Նրանցից շատերը ներգրավված են ռազմաուսումնական հաստատություններում, կապի, բժշկական, պարենային կամ թիկունքային ծառայության մեջ: Ռազմական ուսումնական հաստատություններում կրթություն ստանալով՝ մեր կանանցից ու աղջիկներից շատերը  հետագայում համալրում են զինված ուժերի սպայական անձնակազմի շարքերը:

…Ավելի քան երեք տարի զինված ուժերում է գեղեցիկ, բազմակողմանի պատրաստված, բանիմաց սպա, «Շտուրմ-Ս» հակատանկային դիվիզիոնի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նունե Ասատրյանը:

Երևանի Ճարտարապետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո Նունեն անսպասելի որոշում կայացնելով՝ ընտրում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մագիստրատուրան:

-Հարազատներս անակնկալի եկան իմ որոշումից, դեմ էին: Հայրս հարցրեց՝ պատկերացնո՞ւմ ես՝ ո՞ւր ես գնալու, ի՞նչ ես անելու, ասացի՝ ո՛չ: Բայց շուտով հենց հորս աջակցությամբ սկսեցի իմ զինվորական ուղին,- հիշում է Նունեն:

Ծառայության է անցնում ուսումնամարտական զորամասում: Թեև գիտելիքների մեծ պաշար ուներ, բայց մարտական հրաձգությունից հետո է միայն զգացել տեխնիկայի ամբողջ հզորությունը, ուժն ու մարտունակությունը, և թե որքան մեծ պատասխանատվություն է ինքը կրելու…

Դժվար էր սկզբում, բայց աստիճանաբար այդ դժվարությունները չհաղթահարելու վախն անցավ:

-Անընդհատ սովորում եմ, կատարելագործում իմ մասնագիտական ունակությունները: Զորավարժության ժամանակ էլ դիպուկ խոցեցի թիրախը: Ընդհանուր առմամբ, իմ պատրաստության աստիճանից գոհ եմ,- ասում է Նունեն:

Կնոջ դերը բանակում արդեն հասկանալի և ընդունելի է տղամարդկանց  կողմից: Բայց մի քանի տարի առաջ նրանք անլուրջ էին համարում իրական զենք կրող աղջիկների մուտքը զորամասեր: Կնոջ ներկայությունը զինվորական խիստ միջավայրում շատ հարցեր է լուծում: Նունեի համոզմամբ՝ դրանցից առաջնայինը զսպվածության դրսևորումն է:

…Ծառայողական աստիճանահարթակում Նունեի մասնագիտական վերելքի ճանապարհին հաջորդ կանգառը մարտկոցի հրամանատարի պաշտոնն է լինելու:

-Առայժմ դրա մասին չեմ մտածում, սովորելու, զարգանալու փուլում եմ: Մարտկոցի հրամանատարի գործառույթները շատ ավելին են, պատասխանատվությունն ու ծանրաբեռնվածությունն էլ է մեծանում: Միայն կարող եմ վստահ նշել, որ ինչ բարձր պաշտոնի էլ նշանակվեմ հետագայում, ծառայելու եմ նույն նվիրվածությամբ, մասնագիտական կատարելագործման նույն ձգտումով:

Ավագ լեյտենանտ Նունե Ասատրյանի նման հզոր ոգու տեր կանայք ու ապագա մայրերը հետայսու էլ պատրաստ են տղամարդկանց կողքին պաշտպանելու և պահպանելու  մեր երկրի  անդորրը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով