Իսրայելում երեկվանից ծայրահեղ լարված իրավիճակ է, բախումներ ու հրթիռակոծություն:
Համաս շարժման ռազմական թևը ՝ «Ալ-Քասամ» բրիգադը, Իսրայելին երկու ժամ ժամանակ է տվել, որպեսզի իր զինվորներին դուրս բերի Ալ-Աքսա մզկիթի շրջանից:
«Եթե թշնամին չի դադարեցնում իր զինվորներով պաշարումը Ալ-Աքսա մզկիթում, թող երկու ժամվա ընթացքում սպասեն մեր պատասխանին», — գրել է Համասի ներկայացուցիչ Աբու Օբաիդան Telegram– ում:
Ավելի վաղ նա ասել էր, որ Իսրայելը ժամանակ ունի մինչև ժամը 18.00-ն Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի և Շեյխ Ջարարահի տարածքներից զինվորների դուրսբերման համար: Դրանից հետո Գազայի հատվածից մոտ 150 հրթիռ է արձակվել դեպի Իսրայել, որոնցից տասնյակներին որսացել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը:
Համասի «Ալ-Քասամ» բրիգադը ստանձնել է Իսրայելի վրա հրթիռային հարձակումների պատասխանատվությունը: Նրանք հայտնել են, որ դա պատասխան է Սուրբ քաղաք Երուսաղեմի և Շեյխ Ջարարահում ու Ալ-Աքսա մզկիթում ռազմական ագրեսիայի:
Ի պատասխան, Իսրայելը «հարվածների ալիք» է սկսել Գազայի հատվածում: Վերջին տվյալների համաձայն, ավիահարվածների հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել ՝ 65-ը: Ինչպես հաղորդել է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կիդրան, սպանվածների մեջ կա ինը երեխա ու մեկ կին:
Բացի այդ, բախումները Արեւելյան Երուսաղեմում շարունակվում են մի քանի օր: Կարմիր մահիկի տվյալներով ՝ կիրակի գիշերը պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության բախումների արդյունքում վիրավորվել է 80 մարդ, իսկ վերջին օրերին ՝ մոտ 300-ը:
Երեկոյան Իսրայելում տեղի կունենա անվտանգության կաբինետի նիստ ՝ կապված իրավիճակի սրման հետ:
Հարավում հնարավոր հրթիռային հարձակումների հետ կապված ՝ որոշվել է արգելափակել Գազայի հատվածի հետ սահմանի տարածքում գտնվող որոշ մայրուղիներ: Սա վերաբերում է մայրուղի 4-ի, մայրուղի 34-ի, 232-ի և 232-րդ մայրուղուց դեպի արևմուտք տանող գյուղատնտեսական ճանապարհների հատվածներին: Երակթուղային մի շարք կայարաններ փակ են, ուղևորները կենտրոն հասնելու համար ստիպված են լինելու տեղափոխվել շրջանցիկ ճանապարհներով ու երթուղիներով:
Բացի այդ, ոստիկանությունը նախազգուշացրել է հիվանդանոցներին, որ նրանք պետք է պատրաստ լինեն հնարավոր խոշոր ահաբեկչություններից տուժածների ընդունելու համար:
Իսրայելը սկսել է անվտանգության աշխատակիցներին դուրս բերել Ալ-Աքսա մզկիթից:
Ինչպես հաղորդում է Alquds պաղեստինյան հրատարակությունը, Իսրայելի իրավապահ մարմինները հարկադրաբար վտարել են հավատացյալներին Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթից `օգտագործելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ձայնային նռնակներ: Ըստ Պաղեստինի Կարմիր մահիկի, առնվազն 612 պաղեստինցի վիրավորվել է Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների ընթացքում:
Եվրամիությունը կոչ է արել պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին անմիջապես դադարեցնել բռնության բռնկումը Գազայի հատվածում և Արևելյան Երուսաղեմում, ինչպես նաև անընդունելի է համարել Իսրայելի քաղաքացիական բնակչության վրա հրթիռային հարձակումները: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության հայտարարության մեջ:
Բրյուսելը կոչ է արել բոլոր առաջնորդներին պատասխանատվություն ցուցաբերել և խոչընդոտել ծայրահեղականների գործունեությանը: «Մենք կրկնում ենք մեր կոչը բոլոր կողմերին` հանգուցալուծման ջանքեր գործադրել: Նախ և առաջ պետք է խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից », — ասված է ԵՄ հայտարարության մեջ:
armtimes.com