Երեկ՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, Դավթաշեն գյուղի բնակիչ՝ 70-ամյա Վալերիկ Պետրոսյանը իր վարած Ford մակնիշի ավտոքարշակով, որը բեռնված է եղել Kia Forte մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, բախվել է Ագարակավան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Հակոբյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով Վ. Պետրոսյանը, Ռ. Հակոբյանը, վերջինիս ուղևորներ՝ Ագարակավան գյուղի բնակիչներ, 34-ամյա Համասփյուռ Համազասպյանը, 7-ամյա Ինգա Պողոսյանը, 5-ամյա Արտյոմ Պողոսյանը, 4-ամյա Ալեքսանդրիա Հակոբյանը, 11-ամյա Սոֆյա Հակոբյանը և 2-ամյա Անաստասիա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են՝ երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու այնուհետև ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ դարձի բերել կողաշրջված ավտոքարշակն ու գլխի վրա շրջված Kia-ն։