Հագուստի թուրք մոդելավորող Բարբարոս Շանսալը Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիման վրա դատապարտվել է 3 ամիս 22 օր ազատազրկման։
Շանսալի դեմ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բողոքի հիման վրա։ Շանսալը մեղադրվում է «թուրք ազգին, թուրքական պետությանն ու իշխանություններին վիրավորելու» մեջ։
Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը վճիռը հրապարակել է սեպտեմբերի 7-ին, սակայն մերժել է ազատազրկման պատիժը պայմանական ազատությամբ կամ դրամական տուգանքով փոխարինելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը։ Այժմ Շանսալը միայն կարող է բողոքարկել դատավճիռը վերաքննիչ դատարանում։
Նշենք, որ մեղադրանքի համար հիմք է ծառայել Բարբարոս Շանսալի կողմից 2017թ․ դեկտեմբերի 1-ին «Twitter»-ում հրապարակված մի տեսանյութ, որում Շանսալը Թուրքիայի իշխանություններին ուղղված քննադատական հայտարարություններ էր արել՝ կոչ անելով ժողովրդին՝ պայքարել սեփական իրավունքների համար։
Հավելենք, որ Բարբարոս Շանսալը 2016թ․դեկտեմբերի 31-ին սոցցանցերում կատարած մեկ այլ հրապարակման համար ևս 301-րդ հոդվածի հիման վրա դատարանի առաջ էր կանգնել։ Նա կարճ տեսաուղերձ էր հրապարակել՝ քննադատելով ամանորը տոնողներին մի երկրում, որտեղ բազմաթիվ լրագրողներ գտնվում են բանտերում, երեխաները շահագործվում են, իսկ բնակչությունը տառապում է աղքատությունից։ Այդ հայտարարության համար Շանսալը դարձյալ «թուրք ազգին և պետությանը հրապարակայնորեն վիրավորելու» մեղադրանքով դատապարտվել էր 6 ամիս 20 օր ազատազրկման, բայց պատժի կիրառումը պայմանականորեն հետաձվել էր։