Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Լեհվազ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Ռայմոնդ Պետրոսյանը իր վարած ամբարձիչով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Անետա Խաչատրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան, ով սովորում էր նշված գյուղի դպրոցում, տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մինաս Մինասյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Մ. Մինասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հաձնարարականով ամբարձիչը տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
shamshyan.com