Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Արմավիրի մարզում՝ Զվարթնոց տաճարի հարևանությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Կռազ»-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ՝ 60-ամյա Ռազմիկ Ղուկասյանը, ով բախվել էր ճամփեզրին կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 60-ամյա Բաբկեն Սերոբյանին պատկանող «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին առաջ ընթանալով՝ բախվել էր Արմավիրի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վիգեն Արտաշյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել էր Երևանի բնակիչ՝ 48-ամյա Օլգա Տելեգինային պատկանող «Ջեյ Սի Բի»-ին (մինի տրակտոր)։ Վթարի հետևանքով Բ. Սերոբյանը. Վ. Արտաշյանը և վերջինիս ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Ա. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին էլ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել նշված ավտովթարը, որն արձանագրվել է հարևանությամբ տեղադրված տեսախցիկի կողմից։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում «Կռազ 250» մակնիշի բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոց տաճարի հարևանությամբ դեպի Երևան ընթանալիս բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԼԱԴԱ 2114» մակնիշի ավտոմեքենային։ Բախման հետևանքով «ԼԱԴԱ»-ն էլ առաջ էր ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ ընթանալով՝ բախվել էր կայանված մինի տրակտորին։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին՝ երկուսը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մյուս վիրավորն էլ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկը։ «ԼԱԴԱ 2114»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարւթյան փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով տեխնիկա։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ վիրավորներին հիվանդանոց էին ուղեկցել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը և ճՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ տեսուչ Արտակ Ասատրյանը։
shamshyan.com