Սիրելի հայրենակիցներ,
Զինված ուժերի հարգելի ներկայացուցիչներ,
Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս երեք տասնայմակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և փառապանծ օրեր, և անցել բազմաթիվ փորձությունների միջով:
Հայ ժողովուրդն արժանվույնս է գնահատում մեր բոլոր հերոս տղաների՝ այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների սխրագործությունները, ովքեր մինչև վերջ, անմնացորդ պայքարել են հանուն Հայրենիքի պաշտպանության, անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման:
Այսօր մենք գնում ենք Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առավելությունները, բացթողումներն ու խնդիրները: Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված: Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը մեր առաջնահերթությունն է։
2018 թվականից ՀՀ կառավարությունը սկսել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը, և այն կրելու է շարունակական բնույթ: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զինվոր, սպա պետք է զգա պետության աջակցությունը, և այդ գործում մենք լինելու ենք հետևողական։ Զինվորական, սպայական ծառայությունը պիտի լինի հանրային առանձնահատուկ հարգանքի և պատկառանքի առարկա, ինչը պիտի արտահայտվի նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական հատուկ երաշխիքների համակարգով:
Սրան զուգահեռ պիտի բարձրանան նաև ծառայության գնահատման՝ ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստության չափանիշները, և այս կետերի վրա պետք է հենվի հանրային հարգանքն ու պատկառանքը բանակի նկատմամբ:
Սիրելի հայրենակիցներ,
Բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին, սպաներին, գեներալներին:
Շնորհակալություն եմ հայտնում մեր Հայրենիքի բոլոր պաշտպաններին, բոլոր զինծառայողներին այն զոհողությունների համար, որոնց գնացել են մեր երկրին ու ժողովրդին՝ ստեղծված բարդ պայմաններում անմնացորդ ծառայելու համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց ընտանիքներին՝ համբերության, տոկունության և իրենց զինծառայող հարազատների ու Հայրենիքի թիկունքին ամուր կանգնելու համար:
Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ. նրանց հիշատակն անմահ է, գործը՝ սրբազան:
Աստված պահապան Հայոց բանակին: