Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զգուշացրել է, որ եթե ջրամատակարարման իրավիճակը երկրում շարունակի վատթարանալ, իշխանությունները կարող են դիմել Թեհրանից տարհանման: Պետության ղեկավարը այս հայտարարությունն արել է Սանանդաջ քաղաք կատարած աշխատանքային այցի ժամանակ, ըստ «Իտիմադ»-ի։
Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը բախվում է ջրային զանգվածային ճգնաժամի, որը պայմանավորված է բազմամյա երաշտի և ստորգետնյա ջրերի պաշարների սպառմամբ: Նախագահը նշել է, որ մայրաքաղաքում իրավիճակը դառնում է կրիտիկական։
«Եթե մոտ ապագայում անձրև չգա, մենք ստիպված կլինենք Թեհրանում ջրի խիստ սահմանափակումներ մտցնել հաջորդ ամսվանից սկսած: Եվ եթե ընդհանրապես անձրև չգա, պաշարները կսպառվեն, մենք ստիպված կլինենք սկսել քաղաքից տարհանումը և առժամանակ փակել քաղաքը», — հայտարարել է նա։
Նախագահը նաև ընդունել է, որ տնտեսական դժվարությունները, այդ թվում՝ բարձր գնաճը, արտաքին պատժամիջոցների և ներքին կառավարման սխալների արդյունք են: Նա հավելել է, որ սահմանափակ ֆինանսական ռեսուրսները խոչընդոտում են բազմաթիվ կառավարական նախագծերի ավարտին։
Փեզեշքիանը շեշտել է բնական պաշարների ռացիոնալ կառավարման անցնելու, ջրի և էներգիայի խնայողության չափորոշիչները խստացնելու, ինչպես նաև կլիմայի փոփոխության համատեքստում գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման մոտեցումները վերանայելու անհրաժեշտության մասին:




