ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ

Քոչարյանը Միքայել Հարությունյանին ասել է, որ եթե Մանվել Գրիգորյանը չգա, «մաման լացացնելու է»․ Սեդա Սաֆարյան

Փետրվարի 23-ին խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ագրեսիվ ձեւով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ասում է, որ եթե Մանվել Գրիգորյանը չգա, «մաման լացացնելու է»։ Այս մասին այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ միանալով Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատախազության առարկությանը։

Սաֆարյանն իր դիրքորոշումը ներկայացնելիս անդրադարձավ նաեւ սույն քրեական գործի որոշ ապացույցների, որոնք, իր խոսքով, շատ կարեւոր են Քոչարյանի անձը բնորոշելու եւ նրա նկատմամբ խափանման միջոցը ճիշտ ընտրելու առումով։

Սեդա Սաֆարյանը ներկայացրեց, որ երբ փետրվարի 23-ին խորհրդակցության ժամանակ Մանվել Գրիգորյանն ընդամենը չի ներկայանում, Քոչարյանը շատ վրդովված դիմում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ասում, որ վերջինս չի տիրապետում իրավիճակին եւ չի կարողանում իր ենթականերին բերել, իրեն թույլ է տալիս արտահայտություն, ինչպիսին «մաման լալացնելու եմ»․

«Սա հանրապետության առաջին դեմքի բնավորության կոշտության, ազդեցության եւ վտանգավոր լինելու հանգամանքի մասին է խոսում, որովհետեւ դրանից հետո պաշտպանության կողմն ասաց, որ զորքը բերվել է այն պարզ պատճառով, որ Մանվել Գրիգորյանն ու երկրապահը պիտի միանային ժողովրդին եւ դա վտանգ էր, եւ զորքը չեզոքության պայմաններում չկարողացան պահել։ Այսօր դա մեղադրանքի ծավալում մեծ տեղ է գրավում»։

Սաֆարյանը նաեւ ասաց, որ Քոչարյանը, մասսայաբար խախտելով օրենքը, իր անձնական հատկանիշներով կարողացել է անգամ պաշտպանության նախարարին ներքաշել այս ամենի մեջ, իսկ հիմա ասում է, թե՝ ապացուցեք որ ես կապ ունեմ այս ամենի հետ, ասում է, որ տեղյակ չէ 0038 հրամանից ու մնացյալ հանգամանքներից։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիրը դատարնի ուշադրութունը հրավիրեց մյուս հանգամանքի վրա․

«Երբ հրամանատարներից մեկը զորքը շարել է եւ ասել, որ որեւէ մեկը հանկարծ չփորձի կրակել, եւ զինվորներից մեկն առաջ է եկել եւ ասել՝ ես կկրակեմ, էդ զինվորին մեկուսացրել են, քիչ անց պարզվել է, որ նախագահականում արդեն տեղյակ են այդ պատմությունից, եւ հրամանատարին աշխատանքից ազատել են»,- ասաց Սաֆարյանը՝ շեշտելով, որ այս դրվագը վերցված է գործի նյութերից։

Իր խոսքում Սաֆարյանը հիշատակեց նաեւ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի անունը, ասելով, որ այնպես չէ, թե Բելլա Քոչարյանն ազատեց այս մարդուն աշխատանքից, սակայն այս պահից նրա խոսքը լսելի չեղավ, քանի որ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն անմիջապես արձագանքեց եւ թույլ չտվեց շարունակել խոսքը։

Սեդա Սաֆարյանը թեպետ ասաց, որ իր նշած հանգամանքները վերցված են ցուցմունքներից, սակայն Ալումյանը պատասխանեց, որ իմ կոլեգան իրեն թույլ է տալիս իրենց միջնորդության դեմ առարկությունների քողի տակ անցնել վիրավորանքների, անցնել այնպիսի փաստերի ներկայացման, որոնք բացարձակապես ներկայացված միջնորդության հետ կապ չունեն։

Դատավոր Աննա Դանիբեկյանն Ալումյանին հարցրեց, թե մասնավորապես ո՞ր արտահայտությունն է վիրավորական համարում, ինչին ի պատասխան՝ Ալումյանն արձագանքեց․

«Մի հատ էլ ես նույն բառերը ասե՞մ, կխնդրեմ ավելի ուշադիր լինեք, հատկապես Սեդա Սաֆարյանի խոսքի ժամանակ, որովհետեւ ինքը շատ հաճախ է վիրավորական արտահայտություն թույլ տալիս»,- ասաց Ալումյանը, սակայն այդպես էլ հասկանալի չեղավ, թե հատկապես որ բառն էր վիրավորական, քանի որ Բելլա Քոչարյանի անունը տալուց հետո Սեդա Սաֆարյանի արտաբերած մի քանի բառերը հնչեցին այսպես․ «քրեական գործի․․․»։

Նախագահող դատավորն, այնուամենայնից, Սաֆարյանին կոչ արեց իր դիրքորոշումը ներկայացնել միջնորդության փաստարկների շրջանակում։

Սաֆարյանը շարունակեց, որ երբ Մարտի 1-ից միներւ մարտի քսանը բոլոր քաղբանտարկյալների գործով նախաքաննությունն արդեն մեղադրական եզրակացությամբ մտել էր դատարան, էլի Քոչարյանն էր հանդիասնում արդարադատության երաշխավորը եւ, նրա պնդմամբ,  նախաքննական մարմնին կարողացավ արտակարգ դրություն հայտարարելով թույլ տալ, որպեսզի միակողմանի քննություն տարվի․

«Սրանք խոսում են Քոչարյանի անհատական այնպիսի բնավորության գծերի եւ պահվածքի մասին, որոնք խաթարել են բուն արդարադատությունը»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ հավելելով, որ կարծում է, որ Քոչարյանի հնարավորությունները շատ մեծ են, եւ նա կարող է անգամ ներկա փուլում իրավիճակներ ստեղծել, որոնք կարող են ազդող լինել սույն գործի արդարադատության խոչընդոտման կամ ներազդելու հանգամանքի վրա։

Բացի այս, Սաֆարյանը նաեւ ասաց, որ նախաքննության ընթացքում տվյալներ կան, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ցուցմունքներ են տվել, թե ինչպես են փամփուշտներ փոխել, թե ինչպես է դրանց մասնակից դարձել նախագահականը, թե ինչպես է իշխանությունը շահագրգիռ եղել, որպեսզի զորքի ներքաշումը չերեւա միջազգային կառուցների մոտ․

«Սրանք բոլորը այն փաստերն են, որոնք արվել են պետական մակարդակով, առաջին դեմքի մակարդակով, եւ ամբողջ հանրապետության, այսպես ասած, համակարգերը թաթախված են եղել անօրինականության մեջ եւ դրա առաջին տեղում եղել է Ռոբերտ Քոչարյանը»,- հայտարարեց նա, որին կրկին հաջորդեց պաշտպանական կողմի արձագանքը ու Սաֆարյանի խոսքը դարձյալ կիսատ մնաց։

Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ պաշտպանական կողմը դիտավորյալ է այսպիսի պահվածք ցուցաբերում, որպեսզի իրենց խոսքը մինչեւ վերջ չավարտվի․

«Բայց ես ահամռորեն շարունակելու եմ շարադրել այն փաստերը, որոնք առկա են սույն գործով եւ որոնք կարող են խոսել Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու օգտին, որքան էլ դա պաշտպանական կողմին դուր չգա»։

Այսպիսով, Սաֆարյանը միացավ դատախազների առարկությանը եւ հայտարարեց, որ գրավի կիրառումն անթույլատրելի է Ռոբերտ Քոչարյանի պարագայում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով