Այլ ԱՐԽԻՎ ԺԱՄԱՆՑ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լավաշի հրաշքը

Համաշխարհային արվեստի էջերում բազմաթիվ են Տիրոջը նվիրված ստեղծագործությունները, սրբապատկերները, որոնցից յուրաքանչյուրում մարդը որոնում է իրեն հուզող հարցերի պատասխանները… Որոնում, գտնում, անկեղծանում, զրուցում ինքն իր հետ: Հավանաբար Տիրոջ դիմապատկերի առջև այլ կերպ հնարավոր էլ չէ: Աստվածային հայտնության աննախադեպ երևույթ են հայկական ավանդական թոնրում թխված, ցայսօր նմանը չունեցող Քրիստոսի դիմապատկերով լավաշները, որոնք անկարող են անհաղորդ թողնել որևէ մեկին: Լավաշներից յուրաքանչյուրը դիտելիս ասես միահյուսվում են առաջին քրիստոնյա ժողովրդի՝ հավատն իր մեջ կրող հայի կերտած, ամբարած սեփական պատմությունն ու Տիրոջ չարչարանաց ուղին և քրիստոնեական հավատքը յուրաքանչյուրիս հոգում իբրև անմար կանթեղ պահելու գաղափարը:

Թե ինչպե՛ս սկսվեց ողջ այս պատմությունը, և ինչպե՛ս հայտնվեցին Քրիստոսի դիմապատկերով լավաշները, կիմանանք գրող, ռեժիսոր, կլիպմեյքեր,  հեռուստատեսային բազմաթիվ նախագծերի հեղինակ Արթուր Վարդանյանից:

«Ինչպես յուրաքանչյուր աննախադեպ երևույթ, ամեն բան անսպասելի եղավ: Հայկական թոնրի մասին վավերագրական ֆիլմ էինք նկարահանում: Երբ սկսեցինք հանել հերթական լավաշները, հանկարծ նկատեցի մի պատկեր, որը պարզապես անհնար էր որևէ բանի հետ շփոթել: Չհավատացի աչքերիս: Կարծեցի, թե դա պարզապես մասնագիտական, բուռն երևակայություն է, երբ ամենուր փորձում ես ինչ-որ արտասովոր, յուրատիպ բան տեսնել: Սակայն այս ամենը դուրս էր որևէ երևակայությունից: Լավաշի վրա իրապաշտական պատկեր էր. Թուրինյան պատանքից հայտնի Քրիստոսի դիմապատկերը:

Ողջ անձնակազմով մի քանի անգամ նայեցինք, ստուգեցինք ու համոզվեցինք, որ իրականում ոչ մի հրաշք էլ չկա: Թոնիրը հին էր, ճաքած կավե պատերով, որտեղից էլ հենց արտատպվում էր լավաշի վրա հայտնի պատկերը: Կարծում եմ՝ չափազանց խորհրդանշական է, որ հենց հայկական լավաշի վրա է հայտնվել Տիրոջ կերպարը: Հայերի համար հացը, ինքնին, սրբության խորհրդանիշ է: Ուստի հղացավ միտք՝ արտասովոր այս հայտնությունը ներկայացնել հանրությանը, և կազմակերպել ցուցահանդես, սկիզբում՝ Երևանում, իսկ հետագայում արդեն առաջարկություններ ստացանք արտերկրից:

Քանի որ ցուցահանդեսը կրոնական ուղղվածություն ուներ, ուստիև ամեն բան պետք է այնպես արվեր, որպեսզի որևէ բացթողում չլիներ: Այդ իսկ պատճառով հանդիպել եմ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ում հետ բավականին հետաքրքիր զրույց կայացավ, որի ընթացքում ինձ հաջողվեց ստանալ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Սրբազանի հորդորով որոշվեց անցկացնել ցուցահանդես՝ «Ես եմ հացը կենդանի» խորագրի ներքո:

Կներկայացվեն Քրիստոսի տարիքը խորհրդանշող 33 ցուցանմուշներ, որոնցից յուրաքանչյուրը Հիսուսի պատկերով մեկ ամբողջական լավաշ է: Դրանք հեռահար աղերսներ ունեն Թուրինյան պատանքի հետ: Ի տարբերություն այդ պատանքի, սա կտավե սավան չէ, այլ լավաշ (մաքուր  և զուտ ցորենի ալյուրից պատրաստված թարմ անթթխմոր բաղարջ): Փրկչի դիմապատկերը ստացվում է ոչ թե գծանկարչության կամ գեղանկարչության միջոցով, այլ առկա է այլ տեխնիկա. Հիսուսի դեմքը պատկերվում է եփման, այրման շնորհիվ (տարբեր փուլերով):

Տիրոջ դիմապատկերով լավաշները հնարավորություն են ընձեռում ևս մեկ անգամ հաղորդակից լինելու Հայ Առաքելական Եկեղեցուն, մեր քրիստոնեական վարդապետության կարևորագույն՝ Սուրբ Հաղորդության խորհրդին՝ Քրիստոսի Մարմինն ու Արյունը ճաշակելու, Նրան հաղորդ դառնալու խորը իմաստին: Քրիստոս Ինքն Իր խոսքերում ասում է. «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած» (Հովհաննես Զ 39-71): Լավաշ-ցուցանմուշներից յուրաքանչյուրը փոխանցում է Սուրբ Հաղորդության հիմնական կարևոր նպատակը՝ այն է՝ մեզ միացնել Քրիստոսին և մեր կյանքը, մեր առաքելությունը, մեր կոչումը վերարժևորել Քրիստոսի ներկայությամբ, աստվածային օրհնությամբ և Աստծո հետ ամեն խնդիր ու դժվարություն հաղթահարելու կարողությամբ: Բոլոր 33 դիմապատկերները շրջապատված կլինեն մոմերով, ոչ թե լույս տալու, այլ դրա միջոցով ներկայացնելու Քրիստոսին՝ Անեղ Լույսը, առանց որի մենք ցերեկն էլ կխարխափեինք խավարում:

Պատահական չէ, որ որպես ցուցանմուշ ընտրված է  հայկական ավադական լավաշը (լավաշն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում): Հայ ժողովուրդն առանձնահատուկ պաշտամունք է տածել թոնրի նկատմամբ, այն անվանել են Աստծո տաճար կամ եկեղեցի, թոնրով երդվել են: Նորապսակները եկեղեցում պսակադրվելուց հետո մի քանի անգամ պտտվում էին թոնրի շուրջ:  Վանի նահանգում հարսանիքը կատարվում էր թոնրի կողքին:

Ցուցահանդեսը կրելու է տոնական բնույթ. տոն Տիրոջ Մարմնի և Արյան՝ Սուրբ Հաղորդության:

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով