Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Վահագն Հարությունյանն իր բժիշկների հետ քննարկում է ՀՀ վերադառնալու հարցը

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն իր բժիշկների հետ այս պահին քննարկում է բուժումը կիսատ թողնելու, ինքնաթիռ նստելու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հարցը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Վահագն Հարությունյանը, գտնվելով արտերկրում, հետեւում է Հայաստանում ընթացող իրադարձություններին, Հատուկ Քննչական ծառայության կողմից իրականացվող այս սանձարձակ իրավական բեսպրիդելին և պատրաստակամ է վերադառնալ ՀՀ, որովհետեւ գիտակցում է, որ իր ՀՀ-ում չլինելու պարագայում ՀՔԾ-ն, իր հետ կապված, ինչ ասես, հորինում է»,- մեր զրույցում նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Հարությունյանի ՀՀ վերադառնալու ցանկությունը շատ մեծ է. «Ուզում է գալ, որպեսզի այս բանսարկություններին վերջ տրվի, որպեսզի տեսնեն, որ այն բանսարկությունները, որ հորինել են իր անձի հետ կապված, օբյեկտիվ իրականության հետ որևէ կապ չունեն։ Չնայած ես իմ կողմից նրան հորդորում եմ այդ քայլին չգնալ»։

Պողոսյանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ այս պահին խափանման միջոց ընտրված չէ. «Կալանավորման որոշումն ավելի վաղ վերացվել է, սակայն կալանքի որոշման առկայությունը կամ բացակայությունը որևէ կերպ չի անդրադառնում նրա վերադառնալու կամ չվերադառնալու վրա։ Նա միշտ էլ պնդել է, որ բուժումն ավարտելուց հետո վերադառնալու է Հայաստան, իսկ այժմ էլ ցանկանում է բուժումը կիսատ թողնել»։ Մեր այն հարցին, թե նախնական ի՞նչ ժամկետներում դա հնարավոր կլինի, Միհրան Պողոսյանը նշեց, որ խոսքը սեղմ ժամկետների մասին է։

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին սկզբում մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Հարությունյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Միլենա Խաչիկյան

 

armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով