Երեկ ըստ էության շոկային լուր ստացվեց, երբ տարածվեց իրավապահ մարմինների կողմից. խոսքն այն մասին է, որ ՀՀ-ում բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ճիշտն ասած, երբ օգոստոսի 16-ին հաշվի առնելով հանրային բազմաթիվ ահազանգերը, կառավարությանում, շահագրգիռ գերատեսչությունների կազմով խորհրդակցություն անցկացրեցինք, տրվեցին հանձնարարականեր ԱԱԾ-ին, ոստիկանությանը, անկեղծ ասած, մարդկայնորեն չեի կարողնում հավատալ, որ այս թեմայով կլինեն կոնկրետ բացահայտումներ: Փաստը այն է, որ ունենք ձերբակալված անձինք: Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարող խախտվել, բայց եթե այդպիսի գործողություններ արվել են, նշանակում է կան առնվազն կասկածելու հիմքեր»,-ասաց նա:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը որոշ մանրամասներ նշեց. «Երկու շաբաթ առաջ եւս մեկ անձ էր ձերբակալվել այս գործով եւ նրան հիմա մեղադրանք է առաջադրված: Երեկ ձերբակալվել են 4 անձինք: Այս պահին ապացույցները բավարար են նրանց մեղադրանք առաջադրելու քրեական օրենսգրքի 167 հոդվածի երկրորդ մասով՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելը:
Այս պահի դրությամբ մենք ունենք ապացույցների բավարար համակցություն: Բացի այդ, գործով կատարվել են մի շարք խուզարկություններ: Սկսած 2012 թվականի բոլոր փաստաթղթերն առգրավվել են, որոնք ենթարկվելու են մանրակրկիտ զննության, ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց այդ հանցանքը կատարելու մեջ: Մոտ օրերս, վաղը կամ մյուս օրը, այդ անձանց կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ»:
ՀՀ վարչապետը նկատեց, որ հասկանալի է, որ այդ գործը բավական էմոցիոնալ արձագանք է առաջացրել հանրության շրջանում. «Բայց շատ կարեւոր է, որ գործի քննությունը լինի առանց էմոցիաների, ամբողջական: Կարեւոր է հասկանալ, թե ինչպես է պատահում, որ ՀՀ-ում նման մեխանիզմ է գործել: Կասկածներ կան, որ դա երկար տարիներ է գործել: Պետք է մաբողջական քննություն տարվի, որպեսզի այս գործն իր բոլոր մետաստազներով լիարժեք բացահայտվի:
Ուզում եմ մի այսպիսի խոստովանություն էլ անել: Շատ դեպքերում երբ ահազանգերը ստանում էինք, երբեմն ոչ այնքան ադեկվատ, պոռթկումների տպավորություն էր թողնում, բայց հիմա երբ հետահայաց նայում ենք, գուցե թե մեր գնահատականը այնքան էլ ճիշտ չի եղել:
Պետք է այնպես անել, որ բոլոր հնարավոր կասկածները փարատվեն եւ մենք իսկապես արձանագրենք, որ այդ ամոթալի էջը փակել ենք իր բոլոր իրավական հետեւանքներով»,-ընդգծեց Փաշինյանը: