Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանին մեղադրում են կոռուպցիայի եւ դոպինգ մեխանիզմները թաքցնելու համար: Օրերս գերմանական ARD հեռուստառադիոընկերությունը հրապարակել է իր ծավալուն հետաքննության ֆիլմը: Դրանում ասվում է, որ Այանը գումար է վերցրել, որպեսզի որոշ ծանրորդների դոպինգ-ստուգումները մեղմ լինեն կամ դրական թեստերը թաքցվեն:
Հետաքննության մեջ նշվում է, որ 80-ամյա Այանը բավական ազդեցիկ է ու մեծ կապեր ունի: 1970 թվականից հունգարացին մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում: 2000-10 թթ. եղել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) անդամ, գրեթե 2 տասնամյակ եղել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադիր խորհրդի անդամ: Այդ կապերը հետաքննությունն իրականացրած լրատվամիջոցը կապում է անօրինական գործունեության հետ:
Նշվում է, որ լրագրողներն ուսումնասիրել են 2007-18 թթ. իրականացված 16 հազար դոպինգ-թեստերի մասին տեղեկությունները: Պարզվել է, որ 2008-17 թթ. օլիմպիական խաղերում ու աշխարհի գավաթի խաղարկություններում խաղարկված 453 մեդալների գրեթե կեսը (204) նվաճել են մարզիկներ, որոնք մարզումային պրոցեսի ընթացքում դոպինգ-ստուգումներ չեն անցել: 2013 թ. առնվազն 18 ադրբեջանցի ծանրորդներ դրական դոպինգ-թեստեր են հանձնել: Դոպինգ-ստուգումներից կարճ ժամանակ անց Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան տեղեկացվել է այդ մասին, սակայն 10 ամիս՝ մինչեւ 2014 թ. մարտ, գաղտնի է պահել դա, իսկ դրական դոպինգ-թեստեր հանձնած մարզիկներն այդ ընթացքում հասցրել են մեդալներ նվաճել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում:
Ֆիլմում ասվում է նաեւ, որ դոպինգ-վերահսկողության աշխատակիցները գումար են վերցրել, որպեսզի թեստերը «մաքուր» լինեն: Ապահովագրության համար եղել են այլ մարզիկներ, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է ուրիշների փոխարեն «մաքուր» դոպինգ-նմուշ հանձնեին:
Հատուկ ընդգծվում է, որ դոպինգ-ստուգումների մեծ մասն իրականացրել է հունգարական դոպինգ գործակալությունը (HUNADO): Հետաքննողները կարծում են, որ HUNADO-ն կոծկել է հակադոպինգային կանոնները խախտելու դեպքերը: Այս կարծիքը հիմնավորում են աշխարհի 2015 թ. առաջնության ընթացքում տեղի ունեցածով: Այդ տարի, ի հեճուկս Այանի առարկությունների, դոպինգ-ստուգումներն իրականացրել է ամերիկյան հակադոպինգային գործակալությունը (USADA): Հայտնաբերվել է 24 դեպք ավելի քան աշխարհի ցանկացած այլ առաջնության ընթացքում: Սա մեծ վրդովմունք է առաջացրել, քանի որ այդ մարզիկներից մի քանիսը կարճ ժամանակ անց «մաքուր» են եղել:
Դրական դոպինգ-թեստեր հանձնած մարզիկների երկրների ֆեդերացիաները պարտավոր են տուգանքներ վճարել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային: Բացի այդ՝ հայտնաբերվել են դեպքեր, որ այդ գումարները վճարվել են անձամբ Այանին ու կանխիկով: Ուկրաինայի հետ տեղի ունեցած դեպքի մասին հայտարարել է Ուկրաինայի ծանրամարտի ֆեդերացիան: 2013 թ. ադրբեջանցի 18 մարզիկների դրական դոպինգ թեստերի համար երկրի ֆեդերացիան պետք է վճարած լիներ 500 հազար դոլար, սակայն ֆինանսական հաշվետվության մեջ, որը հրապարակվել է դրանից 4 տարի անց, այդ գումարը չի երեւում:
Հետաքննությունը պարզել է նաեւ, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ շվեյցարական բանկերի 2 հաշվեհամարների վրա 1992-2009 թթ. եղել է 23 մլն դոլար, որը չի երեւում կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում: Տեղեկությունների համաձայն՝ այդ հաշվեհամարների վերահսկողությունն իրականացնում է միայն Այանը: Ըստ հեղինակների՝ այդ հաշվեհամարներին եղած առնվազն 5.5 մլն դոլարի ճակատագիրն անհայտ է:
Համաշխարհային ծանրամարտի դոպինգ-սկանդալներն ուղիղ առնչություն ունեն հայկական ծանրամարտի հետ: Հայաստանը պատժամիջոցների է ենթարկել մի շարք մարզիկների՝ հակադոպինգային կանոնները խախտելու պատճառով: Սահմանափակվել է Տոկիո 2020-ի ծանրամարտի մրցաշարում ՀՀ մասնակիցների քանակը: Թե քանի մարզիկ իրավունք կունենա մասնակցելու, հայտնի կդառնա այս տարվա մայիսին:
2018 թ. Հայաստանում հրապարակում էր եղել այն մասին, որ տարիներ առաջ ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիան արգելված խթանիչներ օգտագործելու մեխանիզմ է ունեցել: «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ դրական դոպինգ-թեստեր հանձնած մարզիկների թվում եղել են նաեւ անչափահասներ: