Gorcy ugharkvel e dataran
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՅՏՆԻՆԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Դատախազությունը հաստատել է Սերժ Սարգսյանին և մյուսներին առնչվող գործն ու այն ուղարկել դատարան

Դատախազությունը հաստատել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու գործն այսօր ուղարկել դատարան։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազության լրատվական ծառայության ղեկավար Արևիկ Խաչատրյանը։ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Սերժ Սարգսյանից բացի, այս գործով մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի՝ Բարսեղ Բեգլարյանին, Սերգո Կարապետյանին, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին։ Ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։ Ըստ ՀՔԾ-ի, 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։ Ըստ քրեական գործի՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը:

 

azatutyun.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով