Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի գլխատներից մեկի վերականգնման աշխատանքներին նախորդած մաքրման ձեռնարկի արդյունքում, որն իրականացվում է «Դար» հիմնադրամի պատվիրատվությամբ, ի հայտ են եկել ճարտարապետահնագիտական արժեք ներկայացնող այնպիսի նյութեր, որոնք փաստում են տվյալ շինության, ինչպես նաեւ բնակավայրի գործելու շատ ավելի վաղ ժամկետների մասին:
Մաքրման աշխատանքների համաղեկավար, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս, վերականգնող ճարտարապետ Դավիթ Նահատակյանը, Ծաղկունքում գտնվող գլխատներից մեկի ներքին հատվածի 2019 թվականի հուլիս-օգոստոս եւ հոկտեմբեր ամիսներին մաքրման և ուսումնասիրման աշխատանքների ընթացքում, կառույցի վտանգված լինելու պատճառով, անհրաժեշտություն է առաջացել տանիքի եւ հատակին կուտակված հողաշերտը հեռացնել, որի ժամանակ էլ գտնվել են հնագիտական ու ազգագրական արժեք ներկայացնող այնպիսի նյութեր, որոնք ենթակա են եղել ուսումնասիրության: Աշխատանքների համաղեկավար է եղել ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջնադարի բաժնի գիտաշխատող Դավիթ Դավթյանը:
«Ծաղկունքի գլխատունը կամ հողաշեն հացատունը վերականգնելու նպատակը եղել է «Դար» հիմնադրամի նախագծերից մեկի կյանքի կոչումը՝ համայնքում հնագիտական եւ այլ ուղղվածությունների տուրիզմը զարգացնելու համար: Հողի լիցքը հատակից մաքրելուց հետո ի հայտ եկան ավելի քան 200 տարվա վաղեմության ազգագրական արժեք ներկայացնող տարբեր նյութեր, ինչպես նաեւ՝ 12-15-րդ դդ. թվագրվող ջնարակված խեցեղեն: Գտնված նյութերն ուսումնասիրվում են ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում:
Այն, որ Ծաղկունքում ու Գեղարքունիքի մարզի մյուս բնակավայրերում դեռ պահպանված հին գլխատները կառուցվել են ոչ թե 1830 թվականից՝ պատմական գաղթից հետո, երբ Սեւանի ավազանում հաստատվել են Մակուից, Բայազետից, Ալաշկերտից ու Դիադինից եկած գաղթականները, այլ շատ ավելի վաղ ժամանակներից: Ընդ որում, մեր գյուղական վայրերի այդ բնակելի համալիրները հայկական ողջ լեռնաշխարհում ունեցել են ճարտարապետական նույն մտածողությունն ու ոճը եւ Ք. ա. 4-3 հազարամյակներից մինչեւ 20-րդ դար գրեթե անփոփոխ փոխանցվել են սերնդեսերունդ: Այն, ինչ հայկական գյուղական տների կառուցվածքի մասին նկարագրել է հույն աշխարհագիր ու զորավար Քսենոֆոնը, նույնությամբ հասել է մեզ:
Տները լույսը ստացել են երդիկից, չեն ունեցել լուսամուտներ, ունեցել են հողե հատակ ու հողաշեն ծածկ ու պատեր, ջեռուցվել են թոնրի միջոցով: Սրահն իրարից բաժանել է գոմը եւ հացատունը, որտեղ ապրել է բազմանդամ ընտանիքը: Մեր քոչվոր հարեւանները, որոնք տեւական ընթացքում քանիցս նվաճել են մեր երկիրը եւ դարձել նստակյաց, չեն տիրապետել այսպիսի զարգացած բնակարանաշինության արվեստին ու շատ դեպքերում բնակվել են հայերից խլված բնակարաններում: Մեր գտածոներով մեկ անգամ եւս փաստում ենք, որ արեւմտահայ գաղթականները 1830 թվականին հաստատվել են նախեւառաջ նախկինում եղած կամ կառուցված բնակարաններում: Իհարկե, նրանք եղածների կողքին կառուցել նոր բնակելի համալիրներ, որոնք եւս այժմ իրենցից հնագիտական ու ազգագրական արժեք են ներկայացնում: Նման համալիրները, որոնք շատ դեպքերում շարունակվում են քանդվել ու հավասարեցվել հողին, այժմ շատ ավելի նպաստավոր կլինեն զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:
Կարծում եմ, Ծաղկունքում նախատեսված հնագիտական պեղումները նոր լույս կսփռեն այս բնակավայրի ու տարածաշրջանի պատմության վրա, ի հայտ կբերեն նոր արժեքավոր տեղեկություններ մեր ժողովրդի ստեղծած պատմամշակութային հարուստ ժառանգության մասին:
Ի դեպ, «Դար» հիմնադրամի օրինակը պետք է վարակիչ լինի շատերի համար, շահագրգռի պետական կառույցներին, հիմնադրամներին, կազմակերպություններին ու համայնքներին՝ պատմաճարտարապետական, հնագիտական ժառանգությունը պահպանելու կամ վերաօգտագործելու եւ հետազոտելու, ինչպես նաեւ պեղումների միջոցով բացահայտելու ազգագրական ու հնագիտական նոր արժեքներ եւ այդ կերպ խթանելու տուրիզմի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում: Պետության կողմից դրական քայլ կլինի այսպիսի ծրագրերի համաֆինանսավորումը: Մյուս կողմից՝ անխաթար վիճակում կպահպանվեն, կցուցադրվեն ու կհանրահռչակվեն պատամամշակութային այն արժեքները, որոնք ոչ միայն թաղված են մնում հողի տակ, այլ նաեւ օրավուր ոչնչացվում են անտարբեր կամ անիրազեկ մարդկանց ձեռքերով»,-ներկայացրեց Դավիթ Նահատակյանը:
Խոսրով Խլղաթյան