Հայաստանի ազգային պատկերասրահը (ՀԱՊ) դադարեցրել է նկարիչ Մարտիրոս Սարյանի՝ ՀԱՊ-ին պատկանող արվեստի գործերի վերատպությամբ հուշանվերների ցուցադրությունն ու վաճառքը: Պատկերասրահը հայտարարել էր, որ դա Սարյանի ընտանիքի պահանջն է:
ՀԱՊ-ը երկար տարիներ զբաղվել է անվանի նկարիչների աշխատանքների վերատպությամբ եւ հուշանվերային արտադրանքի իրացմամբ: Սակայն Սարյանի ժառանգները, այդ թվում եւ նկարչի թոռնուհի, «Մարտիրոս Սարյան» տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, պահանջում են հեղինակային իրավունքի պահպանում:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Ռուզան Սարյանը հայտնեց, որ պատկերասրահին ոչ թե արգելում են արտադրել եւ վաճառել Սարյանի ստեղծագործություններով արտադրանքը, այլ ներկայացված է պահանջ՝ գործել օրենքի դաշտում, չխախտել «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված եւ Մարտիրոս Սարյանի ժառանգներին պատկանող բացառիկ հեղինակային իրավունքը: «Ընդամենը հրավիրել ենք բանակցությունների, որից իրենք հրաժարվել են»,- շեշտեց տիկին Սարյանը:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությանը խախտման վերաբերյալ գրավոր տեղեկացրել է Սարյանի ժառանգների ներկայացուցիչը: «Մեզ համար անհասկանալի է ՀԱՊ-ի կողմից նման հայտարարությամբ հանդես գալը եւ անգամ բանակցության փորձ չանելը ժառանգների հետ»,- ասաց Սարյանը:
Ժառանգների պահանջը հետեւյալն է. պայմանագիր կնքել իրենց հետ՝ ոչ բացառիկ հեղինակային իրավունքի օգտագործմամբ շահույթ հետապնդող գործունեություն իրականացնելու մասին, տրամադրել ցանկը բոլոր այն գործերի, որոնց վերատպությամբ արտադրվում է հուշանվերային արտադրանք, օգտագործման եղանակները, ծավալները եւ ի վերջո այն մասնաբաժինը, որը շահույթից պետք է հատկացվի ժառանգներին: Սարյանի խոսքով՝ դա չի գերազանցում 20%-ը:
«Եթե չկա ցանկություն գործել իրավական դաշտում եւ օրենքով նախատեսված համաձայնությամբ շարունակել արտադրել եւ իրացնել հուշանվերային արտադրանքը, ապա դա ոչ թե ժառանգների կողմից դրված արգելք է, այլ օրենքի դաշտում ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն չունենալ»,- նկատեց Ռուզան Սարյանը:
Նրա համոզմամբ՝ առցանց կամ Պատկերասրահի հուշանվերային խանութի միջոցով վաճառք իրականացնելը, ցանկության դեպքում օրենքով կարգավորվող խնդիր է, եւ այստեղ որեւէ դժվարություն չկա:
«Վերջին անգամ, երբ հանդիպեցի տնօրենին՝ պարոն Արման Ծատուրյանին, ասաց՝ նման նամակ ենք ստացել, ինչո՞վ կբացատրեք, ես էլ հայտնեցի, որ նույն նամակը նաեւ ինձ է ուղղված եղել՝ որպես Սարյանի տուն-թանգարանի տնօրենի, եւ մեզ հաջողվել է առկա խնդիրը լուծեն: Սա մի օրենք է, որին նաեւ ես պետք է հետեւեմ՝ լինելով թանգարանի տնօրեն եւ մյուս երեք ժառանգների հետ կարողանամ համագործակցել իրավական դաշտում»,- նկատեց մեր զրուցակիցը:
Սարյանի ժառանգի համոզմամբ՝ Ազգային պատկերասրահը երբեք էլ հեղինակային իրավունքը հաշվի չի առել. «Նույն նախկին տնօրեն Շահեն Խաչատրյանը, նա էլ երբեւիցե չի հարգել հեղինակային իրավունքը»:
Ռուզան Սարյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր Հայաստանում հեղինակային իրավունքը (նկարիչներինը՝ առավել) ամենաոտնահարվածն է. պաստառներ են տպում, որոնց վրա կարող են Սարյանին վերագրվող կեղծ նկարներ օգտագործվել եւ այլն: Նա պատմեց, որ Երեւանի կենտրոնում որոշ ժամանակ առաջ սրճարաններից մեկն էլ ամբողջ դիզայնը արել էր Սարյանի ստեղծագործությունների մոտիվներով՝ աղավաղելով նկարչի արվեստը:
«Ուրախալի է, որ հաջողվեց այս հարցը բանակցությունների միջոցով կարգավորել եւ հիմա սրճարանը գործում է ուրիշ՝ նորացված դիզայնով, առանց Սարյանի կտավները չարչրկելու: Մենք՝ Սարյանի ժառանգներս, հետամուտ ենք լինելու Սարյանի հեղինակային իրավունքը պաշտպանելու գործին, քանզի դեռեւս 22 տարի այդ բացառիկ իրավունքը օրենքով պատկանում է մեզ»,- եզրափակեց նկարչի թոռնուհին:
Խնդրի մասին «Հայկական ժամանակին» Հայաստանի ազգային պատկերասրահից հայտնեցին, որ Սարյանի գործերի հիման վրա արված հուշանվերների ցուցադրություն-վաճառքը դադարեցրել են անժամկետ: Հանրային կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանն ասաց, որ հուշանվերները Ազգային պատկերասրահի ունեցած հավաքածուի հիման վրա են: Դրանք հիմնականում Սարյանի մշտական ցուցադրության գործերից են:
«Այդ գործերը պատկերասրահինն են, ոչ մեկինը չեն: Սա ազգային արժեք է, իսկ ընտանիքը պահանջում է հեղինակային իրավունք: Նման պահանջ են ներկայացրել, մենք էլ այդ պահանջին հետամուտ լինելով, այս պահին դադարեցնում ենք Սարյանի գործերի վերատպությունն ու հուշանվերային աքսեսուարների վաճառքը»,- նշեց Անուշ Նիկողոսյանը: Մեր հարցին, թե ի վերջո Պատկերասրահի տնօրինությունը չի՞ պատրաստվում որեւէ ընդհանուր հայտարարի գալ Սարյանի ժառանգների հետ, հանրային կապերի պատասխանատուն ասաց, որ չի տիրապետում, թե առաջիկայում ինչ կարող են որոշել՝ հավելելով. «Մեր եւ իրենց իրավաբանները հանդիպել են, չեմ կարող ասել, թե ինչ կլինի»:
Հանրային կապերի պատասխանատուն հայտնեց, որ պատկերասրահը առցանց գնումներ կայք ունի վերջին 2.5 տարում, իսկ նման գործունեություն են սկսել իրականացնել վերջին մի քանի տարում: «Երկար տարիներ ունեցել ենք հուշանվերներ, բայց չենք ունեցել մշտական ցուցադրության այս գործերը նոր ժամանակակից ֆորմատով»,- ասաց նա:
Պատկերասրահն ունի http://shop.gallery.am/ կայքէջ, որտեղ ներկայացված են հուշանվերներ, շարֆեր, հեռախոսի պատյաններ, բարձեր, բաժակներ, պայուսակներ եւ այլն: Եթե դրանց վրա որեւէ նկարիչի գործերից է պատկերված, գրվում է հեղինակի ու գործի անունը, թիվն ու տվյալ իրի արժեքը: Օրինակ՝ Երվանդ Քոչարի 1930 թ. «Նատյուրմորտ», կից նշված է, որ այն հնարավոր է պատվիրել հեռախոսի բոլոր մոդելների համար գինը 5000 ՀՀ դրամ: Բազմաթիվ հայտնիների հուշանվերների ցանկում Սարյանի գործերի հիման վրա արվածներն արդեն բացակայում են: