Բաքվի զինվորական դատարանը պետական դավաճանության մեղադրանքով 19 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի նախկին ազգային անվտանգության նախարարության բաժնի ղեկավար Զաքիր Իսմայիլովին, և 10 տարվա ազատազրկման՝ նրա կնոջը՝ Նազաքեթ Իսմայիլովային: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այդ քրեական գործի մասին հայտնի է դարձել 2018 թվականին: Երկրի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ «բացահայտել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ցանց, որը տարիներ շարունակ բազմափուլ լրտեսական գործունեություն է իրականացրել Ադրբեջանում»: Ըստ Ադրբեջանի իրավապահների՝ լրտեսական այդ ցանցում ներգրավված են եղել ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ:
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները, սակայն, չեն հստակեցնում, թե որ երկրի օգտին է լրտեսել ամուսնական զույգը, չեն պարզաբանում նաև բարձրաստիճան պաշտոնյայի կնոջ դերակատարությունը այդ գործունեության ընթացքում:
«Թուրան»-ի փոխանցմամբ՝ ամուսինները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: