Nor himq
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Գործ ունենք դատական նիստը անհնարին դարձնելու նոր հիմքի հետ. «Մարտի 1»-ի գործով դատախազ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատական նիստը:

Ամբաստանյալների պաշտպաններն անդրադարձան դատական նիստերի դահլիճում սոցիալական հեռավորություն պահպանելու խնդրին: Ամբաստանյալներից Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ ինքը կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը եղել է բացասական, սակայն երեկ կորոնավիրուս է հաստատվել իր հետ այս ընթացքում շփված անձանցից մեկի մոտ: Նիստի ժամանակ Պողոսյանը նստել էր ոչ թե պաշտպանների համար նախատեսված հատվածում, այլ՝ ավելի հեռու:

Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ եթե դատարանը հենց հիմա հնարավորություն ունենա սոցիալական հեռավորությունը պահպանել այնպես, ինչպես պարետատունն ու Կառավարությունն են սահմանել, ինքը որևէ խնդիր չի տեսնում: «Բայց քանի դեռ դատարանը մեզ չի տվել ոչ միայն պարոն Պողոսյանից, այլևս մեկս մյուսից հեռավորություն պահելու հնարավորությունը, ապա ես կարծում եմ, որ այս կարգը ընդհանրապես ուղիղ հակասում է գործադիր իշխանության հորդորներին»,- ասաց նա՝ հավելելով, որ սոցիալական հեռավորությունը, ըստ սահմանված կարգի, 1.5-2 մետր է, հաշվի առնելով նիստերի դահլիճում գտնվող անձանց թիվը՝ դահլիճի մակերեսը պիտի լինի 200 մետրից ավելի:

Մեղադրող կողմի դիրքորոշումը ներկայացրեց դատախազ Գևորգ Բաղդասարյանի խոսքով՝ անվիճելի է, որ պետք է պահել սոցիալական հեռավորությունը և դրա համար պայմաններ ստեղծել, բայց տպավորություն է ստեղծվում, թե իրենք գործ ունեն դատական նիստերն անհնարին դարձնելու նոր հիմքի հետ: Ըստ նրա՝ կորոնավիրուսի պայմաններում աշխատում են արդեն մի քանի ամիս, և, չգիտես ինչու, նման հարցեր չէին քննարկվում. «Ես կարծում եմ, որ սոցիալական հեռավորությունը պահպանելու հնարավոր պայմանները պիտի ապահովվեն, բայց, կրկնում եմ՝ շեշտադրումը, որ քառակուսի մետրով և տարածքով ներկայացվեց և առաջարկվեց այնպիսի տարածք, որը, ես հստակ չգիտեմ, բայց միգուցե հնարավոր չէ ապահովել, ճիշտ չէ»,- շեշտեց դատախազը՝ առաջարկելով դատարանին քննարկել հնարավորության սահմաններում սոցիալական հեռավորությունը ավելի լավ պահելու, ավելի լավ պայմաններ ստեղծելու և դատական նիստը շարունակելու հարցը:

Այնուհետև Աննա Դանիբեկյանն ասաց, որ առաջարկում է օգտագործել դահլիճի մյուս հատվածը. դատավարության որոշ մասնակիցներ կարող են տեղափոխվել այդ հատված և ցանկության դեպքում ձեռք բարձրացնել, դիրքորոշում հայտնել:

«Եթե դատավարության մասնակիցների մի մասը տեղափոխվի այդ հատված, ապահովվեն սեղաններ, հնարավոր համարո՞ւմ եք այսօրվա նիստի շարունակությունը»,- հարցրեց դատավորը:

Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, բացասական պատասխան տվեց: «Ես՝ ոչ. այս դեպքում կառաջարկեի նույնիսկ կես ժամ ընդմիջել, ախտահանում անել»,- նշեց նա:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը արձագանքեց Քոչարյանի ելույթին. «Մենք նախորդ դատական նիստերին քննարկել ենք տարբեր միջնորդություններ, այդ թվում՝ անձի ազատության հետ կապված, և նման խնդիրներ, նման առաջարկություններ չէին հնչում, այսինքն՝ պահանջները ավելանում են, ասում են՝ ախտահանեք դատական նիստերի դահլիճը. անհատական ախտահանման միջոցներ են դրված սեղանին, և բոլորը հնարավորություն ունեն օգտվել»,- հայտարարեց դատախազը՝ հավելելով, որ դատարանի առաջարկը ողջամիտ է:

Դատավոր Աննա Դանիբեկյանը ընդմիջում հայտարարեց՝ տեխնիկակական հարցերը պարզելու համար:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստում մեղադրող Գևորգ Բաղդասարյանը միջնորդեց դատարանին ճանաչել ամբաստանյալների պաշտպանների՝ միջնորդություններ ներկայացնելու գործողությունները դատավարական իրավունքի չարաշահում: Ըստ նրա՝ իրավունքի չարաշահման հետևանքով նիստերը ձգձգվում են, սահմանափակել դատական նիստին միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը, անցնել դատաքննության՝ հնարավորություն տալով մեղադրողներին հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Միջնորդությունը, սակայն, պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով չէր քննարկվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով