Toronik restoranum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

1994թ. Տարոնիկ գյուղի ռեստորանային համալիրում Մհեր Պողոսյանի սպանության գործն ուղարկվել է նոր քննության. Գոռ Աբրահամյան

ՀՀ դատախազությունը տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ 2022թ. փետրվարի 23-ին, որոշում է կայացրել դատախազի բողոքը բավարարելու և 1994թ. ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում Մհեր Պողոսյանի սպանության գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու մասին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ու մանրամասնել.

«Հիշեցնեմ, որ 1994թ. դեկտեմբերի 19-ին 1 օրվա ընթացքում քննելով Մհեր Պողոսյանի սպանության գործը՝ Աշտարակի շրջանային ժող. դատարանը դատավճիռ էր կայացրել, որով Հրանտ Գրիգորյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով նախատեսված հանցագործություն կատարելու, այն է՝ զենքի, զինամթերքի, պայթուցիկ և այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնների խախտման համար և նրան դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման:

2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ստացվել սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի դիմումն այն մասին, որ 1994թ. ապրիլի 16-ին իր հորը՝ Մ. Պ.-ին դիտավորյալ սպանել է Հ. Գ.-ն, սակայն դեպքի իրական հանգամանքները խեղաթյուրվել են:

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսված նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, դրանց նկատմամբ իրականացված պատշաճ դատախազական հսկողության արդյունքում ի հայտ էին բերվել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինքնին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է:

Այսինքն՝ այդ տվյալներն առերևույթ վկայում էին այն մասին, որ Հրանտ Գրիգորյանը 1994թ. ապրիլի 16-ին խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել է Մհեր Պողոսյանին, սակայն նա դատապարտվել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, իսկ նշված հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ պաշտպանության փոխնախարարի ստորագրությամբ տրվել է գրություն՝ իբր Մ. Պողոսյանը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ, և նրա անվամբ ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում կազմվել է անձնական գործ, ապա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից Մ. Պողոսյանին հետմահու շնորհվել է արիության մեդալ:

Ելնելով նախաքննության արդյունքներից՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում 2018թ. դեկտեմբերի 10-ին որոշում էր կայացվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին:

2019թ. փետրվարի 20-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Հարությունյանի կողմից այս գործով բերվել էր վերաքննիչ բողոք՝ խնդրելով վերանայել ու բեկանել Աշտարակի շրջանային ժող.դատարանի 1994թ. դեկտեմբերի 19-ի վերոնշյալ դատավճիռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

ՀՀ վերաքննիչ դատարանը 05.03.2020թ. որոշմամբ ամբողջությամբ բավարարել էր զինվորական դատախազի բողոքը:

Գործի նախապատրաստական փուլում քննելով Հրանտ Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը՝ 2021թ. հուլիսի 23-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել բավարարել բողոքը, քրեական գործով վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Այս որոշման դեմ դատախազի կողմից 27.08.2021թ. բերվել էր վերաքննիչ բողոք, որն էլ ՀՀ վերաքննիչ դատարանն իր այսօրվա որոշմամբ լիովին բավարարել է:

Դատախազությունը բողոք էր ներկայացրել այն պատճառով, որ առաջին ատյանի դատարանը դատական ակտում, ըստ էության, որևէ հստակ պատճառաբանություն չէր նշվել, թե ինչո՞ւ է այդ հիմքով Հ. Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել, եթե ՀՀ վերաքննիչ դատարանն արդեն իսկ փաստել էր, որ առկա է նոր երևան եկած հանգամանք՝ Հ. Գրիգորյանի կողմից հնարավոր ավելի ծանր (քան այն, որի համար նա արդեն դատապարտվել է) հանցանք կատարելու վերաբերյալ:

Ավելին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փաստել էր, որ Հրանտ Գրիգորյանին նախկինում առաջադրված մեղադրանքի որակումը, հնարավոր է՝ եղել է սխալ, և անհրաժեշտ է կատարել նոր՝ բազմակողմանի, օբյեկտիվ քննություն՝ գործի իրական հանգամանքները պարզելու և Հրանտ Գրիգորյանի կողմից կատարված հանցանքին ճիշտ որակում տալու համար»:

  «Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանը սպանվել էր 1994 թվականին Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում՝ հրազենի կրակոցից: Այս գործով Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մհեր Պողոսյանին մահ պատճառելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով)։

 

Gor Abrahamyan

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով