Avtonerkroghneri hnarqnery
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մեքենայի արժեքը սխալ ներկայացնելուց մինչև իրացման նպատակի կեղծում.ինչ հնարքի են դիմում ներմուծողները

Հայաստան ներմուծում իրականացնող տնտեսավարողները մաքսազերծման փուլում երբեմն դիմում են հնարքների՝ թաքցնում ձեռքբերված ապրանքի իրական արժեքը, ներկայացնում ապրանքի սխալ նկարագիր՝ նվազ մաքսատուրք, հետագայում նաև պակաս հարկեր վճարելու նպատակով: Այս խախտումները, սակայն, բացահայտվում են հետբացթողումային փուլում, 2019-ի արդյունքներով բացահայտվել է 304 մլն դրամի խախտում: «Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանի հետ:

«Տնտեսավարողները երբեմն մաքսազերծման ժամանակ կատարում են ծախսերի ինվոյսային արժեքների խեղաթյուրում ` դրանց նվազեցմամբ կամ բարձրացմամբ: Մաքսազերծման փուլում ավելի ցածր ինվոյսային արժեք ներկայացնելով՝ նրանք նպատակ ունեն հետագայում իրացման փուլում ավելի ցածր իրացման արժեքներ ցույց տալ, հետևաբար ավելի քիչ հարկեր վճարել: Երբեմն էլ փորձում են ապրանքի արժեքից ավելի բարձր ինվոյսային արժեքներ ներկայացնել, որի նպատակը ծախսերն ուռճացնելու միջոցով ավելի քիչ շահութահարկ վճարելն է:

Այս իրավախախտումները, մոտեցումներն անընդհատ տրանսֆորմացիաների են ենթարկվում, երբ մենք փորձում ենք որևիցե ուղղության վրա վարչարարությունն ավելի խստացնել, փորձում են այլ մեթոդների դիմել»,-ասաց Սաֆարյանը:

ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության հետբացթողումային հսկողության վարչությունը 2019-ին իրականացրել է 515 գործարքի վերլուծություն, որի ընթացքում իրականացվել է 76 ստուգում: Դրանց արդյունքներով արձանագրվել է 304 մլն դրամի խախտում: 40-ից ավելի դեպքում հայտնաբերվել է սխալ ծածկագրով հայտարարագրում,  հայտնաբերվել են նաև պակաս հայտարարգրված մաքսային արժեքների դեպքեր, ցածր ինվոյսային արժեքներ: 2018-ին իրականացված ստուգումների քանակը եղել է 40, 2017-ին` 26: Սաֆարյանը նկատեց՝ թե ստուգումների քանակի, թե արձանագրված գումարի մասով դինամիկա կա:

Սաֆարյանը պատմեց տնտեսավարողների հնարամտությունների մասին: Ցածր ինվոյսային արժեք  ներկայացնելու համար նրանք երբեմն փորձում են ապրանքների դիմաց վճարումների մի մասը կատարել կանխիկ եղանակով, մի մասը` անկանխիկ, փոխանցումներով: Այսինքն՝ տնտեսավարողները նախքան ներմուծելը պայմանավորվածություն են ձեռք բերում: «Օրինակ, որևիցե ապրանքի դիմաց կատարվել է բանկային փոխանցում և որոշակի արժեքով ապրանքները ֆիքսվել են, և այնտեղից դուրս է գրվել հաշիվ-ապրանքագիր: Ներմուծման ժամանակ մաքսային մարմինները տեսնում են, որ հաշիվ-ապրանքագրում նշված գումարը և փոխանցումը համընկնում են: Սակայն դեպքեր են լինում, երբ գումարի որոշակի չափը վճարվում է կանխիկ եղանակով, փոխադարձ համաձայնությամբ այդ գումարները չեն ֆիքսվում, և հաշիվ-ապրանքագրերում ֆիքսվում են միայն բանկային փոխանցումների չափով արված գումարները: Հիմնականում նման խնդիրներ ավելի շատ հանդիպում են Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իրանից և Թուրքիայից ներմուծվող ապրանքների մասով»,-ասաց Սաֆարյանը:

Սակայն մաքսային ծառայությունը տեղեկատվության փոխանակման միջպետական պայմանագրերի հիման վրա հարցումներ է ուղարկում այդ երկրների իր կոլեգաներին, այնտեղից ստանում պատասխաններ: Սաֆարյանն ասվածի համար վառ օրինակ հիշեց: Վերջերս ստուգման ժամանակ պարզվել է, որ  կազմակերպությունը Եվրոպայից ներմուծել է բեռնատար ավտոմեքենա, որի արժեքը մաքսային ծառայության համար շատ կասկածելի է թվացել: Կազմակերպությունը, սակայն, ներմուծման ժամանակ ներկայացրել է բանկային փոխանցում, հաշիվ-ապրանքագիր, և առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է եղել: «Մենք, քանի որ ունեինք կասկածներ, տվյալ երկիր հարցում ուղարկեցինք` գործարքի իսկությունը ճշտելու նպատակով: Եվ մեր կոլեգաների պատասխանի հիման վրա տեսանք, որ իրականում ինվոյսային արժեքը շատ ավելի բարձր է, քան ներկայացվածը, նույնիսկ մեզ տրամադրեցին կանխիկ վճարման կտրոնը: Կազմակերպության հետ կապված ստուգում իրականացվեց, խախտումն արձանագրվեց և տնտեսավարողը վճարեց»,-ասաց նա:

Բացի թաքցրած գումարից, հնարքի դիմած տնտեսավարողը վճարում է նաև տուգանքներ և տույժեր: Հնարամիտ տնտեսավարողները պակաս մաքսատուրք վճարելու նպատակով երբեմն դիմում են նաև այլ տարբերակի՝ սխալ հայտարարագրելով ապրանքի ծածկագիրը, որտեղ փորձ է արվում ապրանքների համար տալ սխալ նկարագիր: «Ծածկագրերը թվային նշաններ են, որոնցից օրինակ առաջին երկուսը նկարագրում է ինչ-որ խումբ, երրորդ, չորրորդ թվանշաններն ավելի կոնկրետացնում են ապրանքի տեսակը, և այդ ամբողջ թիվը կոնկրետ նկարագրում է ապրանքը: Ցանկացած նկարագրի համար կան սահմանված մաքսատուրքի չափեր: Մեկ թվանշանի շեղումը կարող է բերել մաքսատուրքի որոշակի տոկոսադրույքի փոփոխություն»,-ասաց Սաֆարյանն ու շեշտեց՝ իրենց վերլուծական կարողությունների ավելացումը, կատարելագործումն ուղղված է հենց նրան, որ կարողանան հենց սահմանին  նույնականացնել ապրանքը և համեմատելով այն ծածկագրերը, որոնք ներկայացրել են տնտեսավարողները, փորձեն սահմանին չեզոքացնել:

Նա վստահեցրեց՝ ներկայում աբսուրդ սխալ դասակարգումներ, երբ օրինակ փորձեն մի ապրանքային ծածկագրի ներքո ներմուծել լիովին այլ ապրանք, վաղուց արդեն չկան: Եթե նախկինում հնարավորությունները թույլ չէին  տալիս նման վերլուծություններ անել, նման աբսուրդ դեպքեր լինում էին, բայց հիմա գնալով ավելի կատարելագործվում են: Սակայն տնտեսավարողները շատ հնարամիտ են և երբեմն դիմում են տարբեր այլ հնարքների: Հետբացթողումային պրոցեսում մաքսային ծառայության հետբացթողումային հսկողության վարչությունը նախորդ տարում հայտնաբերել է մի շարք նման դեպքեր:

Կան ապրանքատեսակներ, որոնք կոնկրետ նպատակների համար ներմուծման դեպքում ազատվում են մաքսատուրքից կամ դրանց համար գործում են ավելի ցածր մաքսատուրքեր: Եղել է դեպք, երբ ֆիքսել է, որ ներմուծված հումքն օգտագործվել է ոչ թե նշված նպատակով, այլ ուրիշ նպատակի համար, իսկ եթե ներմուծված լիներ հենց այդ նպատակով, ապա ավելի բարձր մաքսատուրքեր պետք է վճարվեին: «Միջազգային համաձայնագրի հիման վրա, եթե թուղթը ներմուծվում է գիրք տպագրելու նպատակով, ապա ազատվում է մաքսատուրքից, այլ ցանկացած դեպքում կիրառվում է 3,5,9,10 տոկոս դրույքաչափ: Եղել է, որ ներմուծման ժամանակ նպատակը նշվել է գրքի տպագրության համար, սակայն հետագայում արձանագրվել է, որ թուղթն օգտագործվել է այլ նպատակի համար»,-ասաց Սաֆարյանը:

Տեխնիկայի ներմուծման ժամանակ ըստ դրանց կենցաղային և պրոֆեսիոնալ նշանակության մաքսատուրքերը տարբեր են, պրոֆեսիոնալ տեխնիկայի համար նախատեսված մաքսատուրքերն ավելի ցածր են: Եվ եղել է, որ տնտեսավարողները փորձել են իրենց ներմուծած տեխնիկան ներկայացնել որպես պրոֆեսիոնալ: Սաֆարյանը բացահայտումներից նշեց նաև ԱՄՆ-ից և Ճապոնիայից ապրանքների ներմուծման ժամանակ հաշիվ-ապրանքագրերում ներկայացվող արժեքների խեղաթյուրման մասին: «Եթե ավտոմեքենաները ձեռք են բերվել աճուրդներից, ապա մենք հիմք ենք վերցնում այդ ինվոյսները, և մաքսազերծումն իրականացնում հենց այդ ինվոյսային արժեքներով: Սակայն հայտնաբերել ենք դեպքեր, երբ տնտեսավարողները կամ ֆիզիկական անձինք աճուրդներից ձեռք բերված մեքենաների համար ներկայացել են խեղաթյուրված ինվոյսային արժեքներ: Այսինքն` համակարգչից սքրինշոթ են անում աճուրդից ձեռք բերված փաստաթուղթը, որտեղ արժեքն է նշվում, և արժեքի մասը փոխում և փորձում են դրանով մաքսազերծել»,-ասաց նա:

Տնտեսավարողներին դասակարգվում են ըստ ռիսկայնության, և ստուգումներն իրականացվում են ըստ դրանց: Ներմուծում իրականացնող կազմակերպություններին վերլուծության արդյունքում դասակարգում են երեք խմբերի` ցածր, միջին և բարձր ռիսկային խմբեր: 2019-ին իրականացվել է 9100 կազմակերպության համար ռիսկային մակարդակի դասակարգում: Եթե կազմակերպությունն իր գործունեության ընթացքում չի ունեցել իրավախախտումներ, մաքսային ռեժիմի խախտում, հայտնվում է ցած ռիսկային գոտում, իսկ այն կազմակերպությունները, որոնք այլ գործելաոճ են դրսևորել և ժամանակ առ ժամանակ հայտնվել են հետբացթողումային հսկողության վարչության տեսադաշտում, դասակարգվում են միջին կամ բարձր ռիսկային խմբերում: Բարձր ռիսկային գոտում հայտնված տնտեսավարողի ցանկացած գործարք, ներմուծում վերլուծության առարկա է: «Եթե որևէ կազմակերպությունում խախտում է արձանագրվել, անընդհատ մոնիտորինգ ենք իրականացնում` տեսնելու` այդ խախտումներն առկա են, թե կազմակերպությունը փոխել է իր գործելաոճը: Վերլուծական կարողությունները թույլ են տալիս օնլայն ռեժիմով տեսնել տնտեսավարողի խախտումները»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու մաքսազերծման ընթացքում չեն կարողանում լիովին բացահայտել այդ խախտումները` Սաֆարյանը նշեց` համաշխարհային մաքային կազմակերպության որդեգրած քաղաքականության հիման վրա` առևտրի դյուրինացում և այլն, ապրանքների բացթողնման ժամկետի կրճատմանն ուղղված աշխատանքներ են տարվում: Ամբողջ աշխարհում հնարավորինս արագ մաքսազերծում իրականացնելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: Ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների կոլեգիալ որոշմամբ որոշում է կայացվել շեշտադրումները նախաբացթողումային փուլից տեղափոխել հետբացթողումային փուլ: Այսինքն՝ հնարավորինս արագ սպասարկել տնտեսավորողներին սահմանին, հետո հետբացթողումային փուլում, եթե կան խախտումներ, անդրադառնալ դրան: Կա ԵԱՏՄ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների արդյունավետության միասնական ցուցիչ, որը հաշվարկում է օգտակարության գործակիցը: 2018-ին ՀՀ հետբացթողումային հսկողության վարչության ցուցիչը եղել է 29.15, 2019-ն ամփոփել են 62.56-ով: Մոտ 2.5 անգամ ցուցանիշը բարելավվել է: Սաֆարյանը համոզված է, որ փոփոխությունները, որ հիմա անում են, աշխատանքները գնալով ավելի լավը կդարձնեն, ցուցիչը կբարելավեն:

Աննա Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով