«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Լոնդոնում 20-ամյա Սուդեշ Ամմանի իրականացրած հարձակման պատասխանատվությունը:
«Իսլամական պետության» անունից սոցցանցերում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ հարձակվողն այս խմբավորման «զինվորներից» է, և նրա գործողությունները կապված են Սիրիայում և Իրաքում ջիհադիստների դեմ պայքարող երկրների քաղաքացիների նկատմամբ հարձակումներ իրականացնելու՝ ԻՊ ղեկավարության վերջերս հնչեցրած կոչի հետ:
Կիրակի օրը Լոնդոնում Սուդեշ Ամմանը դանակով հարձակվել էր անցորդների վրա՝ վիրավորելով երեք մարդու, որոնցից մեկը ծանր վիճակում է: Հարձակվողը սպանվել է ոստիկանների կողմից։
Ամմանն օրեր առաջ էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել բանտից, որտեղ երկու տարի առաջ կայացված դատավճռով պատիժ էր կրում ծայրահեղական նյութեր տարածելու համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետը պնդում է, որ հարկավոր է սահմանափակել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու իրավունքը ահաբեկչության հետ կապված հանցագործությունների դեպքում: