160 mln dram
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պետությունից ավելի քան 160 մլն դրամի հափշտակության վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնի և Դիլիջանի պահպանության բաժանմունքի պաշտոնատար անձինք 2013-2018 թթ. ընթացքում պետությունից յուրացման և գողության եղանակներով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 160.047.460 ՀՀ դրամ:

Մասնավորապես` Գագիկ Գրիգորյանը, 2013 թ. հունվարի 1-ից 2015թ. օգոստոսի 31-ը, ապա՝ 2016 թ. հունիսի 24-ից 2018 թ. մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի պետի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը և խախտելով համապատասխան իրավական ակտերի պահանջները, բաժնի հաշվապահ Լիլիկ Այդինյանի օժանդակությամբ մշակել է իրեն վստահված` բաժնի արտաբյուջետային դրամական միջոցների յուրացման եղանակով հափշտակության սխեմա: Համաձայն մշակված սխեմայի` Լիլիկ Այդինյանը վերը նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս բաժնի աշխատակիցների աշխատավարձերի վճարման տեղեկագրերում մի շարք աշխատակիցների անվամբ հաշվարկել է սահմանվածից ավել աշխատավարձ, ըստ այդմ՝ ապօրինի հավելյալ հաշվարկված եկամտային հարկերը չի վճարել ՀՀ պետական բյուջե:

Գագիկ Գրիգորյանի ցուցումով Լիլիկ Այդինյանը հիշյալ ժամանակահատվածում ամիսներ շարունակ մուտք է գործել բաժնի աշխատակիցների աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ և սահմանված եկամտային հարկը պետական բյուջե չվճարելու արդյունքում գոյացած գումարներն անհիմն փոխանցել է իր, Գագիկ Գրիգորյանի և վերջինիս հանձնարարությամբ` բաժնի աշխատակիցների քարտային հաշիվներին: Գագիկ Գրիգորյանի պահանջով Լիլիկ Այդինյանը և բաժնի աշխատակիցները յուրաքանչյուր փոխանցումից հետո կանխիկացրել և նրան են հանձնել իրենց քարտային հաշիվներին փոխանցված գումարները, ինչի արդյունքում Գագիկ Գրիգորյանը Լիլիկ Այդինյանի օժանդակությամբ յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի` 117.013.352 ՀՀ դրամը:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գագիկ Գրիգորյանը, 2015 թվականի օգոստոսի 31-ից ազատված լինելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի պետի պաշտոնից, նշված ժամանակահատվածից մինչև 2016 թվականի հունիսի 24-ը նույն պահպանության բաժնի արտաբյուջետային դրամական միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակություն կատարելու շուրջ նախապես համաձայնության է եկել հաշվապահ Լիլիկ Այդինյանի հետ:

Վերջինս, արդեն իսկ մշակված հանցավոր սխեմայով, օգտվելով այդ ընթացքում բաժնի նորանշանակ պետի` գանձապետական համակարգից օգտվելու պայմանների անտեղյակությունից, նրանից գաղտնի շարունակել է յուրաքանչյուր ամիս մուտք գործել բաժնի աշխատակիցների աշխատավարձերի վճարման հիշյալ համակարգ և անհիմն հավելագրումներ կատարել իր, Գագիկ Գրիգորյանի և նրա հանձնարարությամբ` բաժնի աշխատակիցների քարտային հաշիվներին, որը նույն եղանակով կանխիկացվել և տնօրինվել է վերջիններիս կողմից:

Արդյունքում՝ Գագիկ Գրիգորյանը, Լիլիկ Այդինյանի հետ խմբով` նախնական համաձայնությամբ, 2015թ. օգոստոսի 31-ից 2016 թ. հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում պետությունից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 38.787.480 ՀՀ դրամ:

Բացի դրանից՝ Լիլիկ Այդինյանը, կատարելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Դիլիջանի պահպանության բաժանմունքի հաշվապահի պարտականությունները, 2017 թվականի մայիսի 19-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է նույն բաժանմունքի պետ Տիգրան Տոֆանյանի կողմից վերջինիս վստահված` նշված բաժանմունքի բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին մուտքագրված առանձնապես խոշոր չափերի՝ 4.246.628 ՀՀ դրամ գումարի յուրացմանը:

Վերը նշված արարքների կատարման համար Գագիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և  177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Լիլիկ Այդինյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ) և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Տիգրան Տոֆանյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Պետությանը պատճառված 160.047.460 ՀՀ դրամի վնասից վերականգնվել է 42.470.365 ՀՀ դրամը, իսկ վնասի մնացած մասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել մեղադրյալների գույքի վրա:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով