Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այն համոզմանն է, որ Կառավարությունը չպիտի միջամտի եկեղեցու գործերին:

Այս մասին նա հայտարարեց հրավիրած ասուլիսի ժամանակ՝ արձագանքելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է՝ գործում են վեհափառ հայրապետի օրհնությամբ. «Շարժման ձախողման պարագայում Գարեգին Բ-ն որքանո՞վ կարող է ներկայացնել հայ ժողովրդին կամ սպասարկել նրա հոգևոր շահերը, արդյոք չի՞ առաջանա հանրություն-եկեղեցի անջրպետ»:

«Թե ինչ տեղի կունենա, ես այդ հարցերը չեմ մեկնաբանի, որովհետև ի վերջո Հայ առաքելական եկեղեցին ունի գործունեության իր կանոնները: Բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում, և այդ շարժման նպատակը, ինչպես իրենք են ձևակերպում, նախորդ իշխանությանը իշխանության բերելն է»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ այս սցենարը ներկայացվել էր դեռևս 2021 թվականին՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարի կողմից, թե ոնց պետք է եկեղեցու միջոցով իրականացնել իշխանափոխություն:

«Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից առաջնորդվող շարժումը, այսինքն՝ ինչ է նշանակում օրհնել, նշանակում է առաջնորդել, որովհետև հոգևորականը չի կարող առանց Ամենայն հայոց կաթողիկոսի թույլտվության, նույնիսկ հանձնարարությամբ քաղաքական տեքստ ասել: Ակնհայտ է, որ գործընթացի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, և դա ապացուցված փաստ է»,- ընդգծեց վարչապետը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով