Ֆրանսիայում այսօր մեկնարկած համընդհանուր գործադուլը խոշորագույնն է 1995 թվականից ի վեր, պնդում են արհմիությունները:
Առավոտվանից փակ են Փարիզի մետրոյի կայարանների մեծ մասը, կաթվածահար վիճակում է գտնվում երկաթուղիների ցանցը, չեն աշխատում ուսումնական հաստատությունները: Մարսելում և Թուլուզում ամբողջությամբ դադարեցվել են երկաթուղային փոխադրումները քաղաքների կենտրոնական թաղամասերի և արվարձանների միջև, արագընթաց TGV գնացքների աշխատանքը ապահովվում է 10 տոկոսով:
Գործադուլի մասնակիցները բողոքում են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի դեմ: Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է չեղարկել մասնագիտական ավելի քան չորս տասնյակ խմբերի համար տարիներ առաջ ներդրված արտոնությունները, որոնք թույլ էին տալիս Ֆրանսիայի բնակչության մի զգալի մասին ավելի վաղ դադարեցնել աշխատանքային գործունեությունը` անհամեմատ ավելի մեծ կենսաթոշակ ստանալով:
Այս քայլն, ըստ Մակրոնի, պետք է կրճատի կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման ընթացքում նկատվող դեֆիցիտը, որի ծավալն, ըստ կառավարության ներկայացուցիչների, մոտ ապագայում կարող է աճել` հասնելով մի քանի միլիարդ եվրոյի:
azatutyun.am