Կառավարությունը որոշում է կայացրել, որ մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից միջգերատեսչական մասնագիտացված խմբի միջոցով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպվող երկու փուլով մրցույթի նախաորակավորման ընթացակարգի շրջանակում մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշները և դրանց գնահատման համար ներկայացվող փաստաթղթերը, նախաորակավորված մասնակիցների կողմից հայտի, իսկ ընտրված մասնակցի կողմից պայմանագրի և որակավորման ապահովման չափերն ու ապահովման տեսակները, կանխավճարի չափը և մարման կարգը, ինչպես նաև պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները սահմանվում են գնման հայտով:
Տվյալ պահին հանրապետության տարածքում հաշվարկված թվով 101 կենտրոններին միավորման ենթակա են շուրջ 205 բնակավայրեր, որոնցից 187 բնակավայրերի աշակերտների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 6200: Ընդ որում, բնակավայրերից կենտրոն հեռավորության միջին ցուցանիշը 7 կմ է (նվազագույնը 1.5 կմ, իսկ առավելագույնը 24 կմ): Մինչև 2027 թվականի հունվար նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 81 կառուցվող դպրոցներ, ինչպես նաև վերանորոգվող դպրոցներ: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով բնակավայրերից դեպի կենտրոնների դպրոցներ և հակառակ ուղղությամբ դպրոցականների տեղափոխման կենտրոնացված կարգով կազմակերպումը, որոշվել է առաջին փուլով ձեռք բերել շուրջ 35 տրանսպորտային միջոցներ, հետագա փուլերով ձեռք բերելով և ամբողջացնելով անհրաժեշտ տրանսպորտային միջոցների քանակը: Արդյունքում կապահովվի դպրոցականների անվտանգ և կենտրոնացված կարգով տեղափոխումը դպրոցներ, ինչը կբարձրացնի կրթության մատչելիությունը, հատկապես սահմանամերձ և դժվարամատչելի բնակավայրերի երեխաների համար, կնպաստի նաև ժողովրդավարական և սոցիալական խնդիրների լուծմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացվում ՀՀ մարզերում բնակավայրերից դեպի կենտրոնների դպրոցներ աշակերտների տեղափոխման համար հատուկ կահավորված մինչև 35 տեղանոց տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար «Մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, հաշվի առնելով, որ գնումը կազմակերպվելու է երկու փուլով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի և 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա:




