Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, սակայն դա չի նշանակում, թե չկան կոռուպցիոն երևույթներ: «Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ այս մասին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության կողմից անցկացնող «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական համաժողով»-ում ունեցած ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց մի քանի օր անց հայտարարել էր, որ Հայաստանում այլևս չկա համակարգային կոռուպցիա: Այս համաժողովին իր ելույթում վարչապետը դա վերահաստատեց:
«Համակարգային կոռուպցիան այն է, երբ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող հասույթը որոշակի չափաբաժնով հասնում է ամենավերև: Հպարտ եմ արձանագրել, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ում չկան կոռուպցիոն երևույթներ: Ուզում եմ հստակ արձանագրել, որ կա քաղաքական կամք կոռուպցիան արմատախիլ անելու և ես ուզում եմ մի քանի մտահոգություններով, փաստերով կիսվել: Վերջերս մեր կուսակցության վարչության նիստում մի քանի անգամ անդրադարձ ենք ունեցել կոռուպցիոն թեմաներին և արձանագրել ենք, որ նույնիսկ ամենամերձավոր թիմի անդամները չեն ունենալու որևէ ներում կոռուպցիայի մեջ ներգրավվելու պարագայում: Վստահ եղեք, որ ես կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի մարդ եմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հաջորդ արձանագրումն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը չընկալվի գործընթաց նախորդ կոռումպացված իշխանությունների նկատմամբ: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իրենց համար չկա նախորդ, ներկա իշխանություն:
«Ավելին, իմ համար կրկնակի անընդունելի է, երբ իմ կողմից նշանակված մարդը կոռուպցիայի մեջ է ներքաշվում: Ուզում եմ նշել, որ վերջին շրջանում առնվազն չորս բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև պարգևատրման ֆոնդերին, որով պետական աշխատողներին բավական բարձր վճարումներ են կատարում:
«Մեկնաբանությունը եղավ այն մասին, որ դա նաև պայքար է կոռուպցիայի դեմ: Բովանդակային առումով դա սխալ չէ, սակայն ուզում եմ հստակեցնել: Աշխատավարձի չափով վճարումների բարձրացումը ոչ թե կանխարգելելու իմաստով է, այլև դա արվել է, որ հետագայում կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվելու պարագայում խղճի խայթ չունենանք, թե այնքան քիչ աշխատավարձ ենք տվել, որ գնացել են այդ ճանապարհով»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: