guce petq e lsel zinvorneri heraxosnery
Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գուցե եւ կա նպատակահարմարություն զինծառայողների խոսակցությունները վերահսկելու. Ջամալյանը՝ ՊՆ-ի նախագծի մասին

Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է ռազմական ոստիկանությանը օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու իրավունք տալ:

Նախարարության կարծիքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում ժամկետային եւ պայմանագրային պարտադիր զինծառայողների կողմից նախապատրաստվող ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար, ինչպես նաեւ անհրաժեշտ տեղեկությունների (այդ թվում՝ հետախուզական) ձեռքբերման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքով:

Հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարն արդեն հաստատել է ՀՀ զինված ուժերում ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգը, եւ որ վերը նշված օպերատիվ հետախուզական միջոցառումն անհրաժեշտ է անցկացնել ոչ միայն այն դեպքում, երբ անձը կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության մեջ, այլ նաեւ մինչ նման կասկածների ի հայտ գալը՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների հայտնաբերման, կանխման եւ խափանման փուլերում, ուստի օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի Զինված ուժերի բարձր պատրաստականությանը եւ Զինված ուժերում հանցագործությունների նվազմանը:

«Ներկա իրավիճակում, որը պայմանավորված է տարածքային բարդ իրավիճակով եւ ահագնացող սպառնալիքով, անհրաժեշտ է ժամանակին պատրաստ լինել հնարավոր հակաիրավական դրսեւորումներին»,- նշված է նախագծում: Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ հակաիրավական վարքագիծ ունեցող անձինք ավելի շատ ուժեր եւ միջոցներ են ներգրավում՝ իրենց հանցավոր մտահղացումները կյանքի կոչելու համար: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ժամանակին եւ համաչափ արձագանքել վերոհիշյալ մարտահրավերներին:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ նախագծին ծանոթ չէ, սակայն օպերատիվ հնարավորություններն ավելի ընդլայնելու առումով գուցե եւ կա նպատակահարմարություն խոսակցությունները վերահսկելու:

«Առաջնագծում հեռախոսների օգտագործումը միշտ խնդրահարույց է եղել: Անգամ արտակարգ պատահարներ են գրանցվել նախկինում: Օրինակ՝ ադրբեջանական դիպուկահարը կարողացել է ըստ խոսակցության գաղտնալսման՝ տեղորոշել, դարանակալել եւ խոցել: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նախկինում արգելված է եղել հեռախոս օգտագործելը: Ի դեպ, ասեմ, որ Ադրբեջանում շատ խիստ է այս առումով: Բջջային հեռախոսների օգտագործումը զինծառայողների կողմից կատեգորիկ արգելված է, եւ վերջ՝ ինֆորմացիայի արտահոսքը բացառելու համար»,- ասաց Ջամալյանը: Հարցին՝ այսինքն՝ սխա՞լ է բանակում հեռախոսի օգտագործումը թույլատրելը, Ջամալյանը պատասխանեց. «Գործնական առումով հեռախոսի արգելքը կյանքի կոչելը բարդ է հիմա: Հսկելը, որ ոչ ոք հեռախոս չունենա, բարդ է եղել»:

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն էլ կարծում է, որ եթե քաղաքացիական անձանց հեռախոսներն է հնարավոր լսել, ապա ոչ մի արտառոց բան չկա զինվորականների հեռախոսները լսելու մեջ: «Այսօր զինվորականների համար հեռախոսի օգտագործումը խնդրահարույց է: Ես անձամբ դեմ եմ եղել, որ Զինված ուժերում թույլատրվի հեռախոսների օգտագործումը՝ ելնելով անվտանգության հարցերից: Շատ դեպքերում եմ ասել, որ բոլոր օրենքները ճիշտ են, սխալը գալիս է նրանից, թե այդ օրենքներն ինչպես են կիրառվում կամ ինչպես չեն կիրառվում»:

Հարցին՝ նորմա՞լ է, որ ՌՈ-ն լսի, թե զինծառայողն ինչ է խոսում իր ծնողի հետ, փորձագետը պատասխանեց. «Խորհրդային բանակում, երբ զինծառայողները նամակ էին գրում իրենց ծնողներին, հրամանատարները բացում կարդում էին, որովհետեւ խնդիր կա: Մարդը կարող է չիմանալով, չհասկանալով, որ գաղտնիքի մասին է խոսում՝ դրա մասին արտահայտվի: Հիմա նույնը հեռախոսներին է վերաբերում: Ասենք, զինվորը զանգում, ասում է՝ մա՛մ, մենք վաղը գնում ենք այսինչ տեղը, ինքը գաղտնիք է հայտնում: Եթե այս միջոցառումն ուղղված է պետության անվտանգությունն ապահովելուն, միանշանակ կողմ եմ: Քաղաքացիական հասարակության համար այս օրենքն ընդունվելուց հետո տրամաբանորեն այն պետք է շարունակություն ունենար եւ հասներ բանակին»:

Նրա կարծիքով՝ եթե նախագիծն իր նպատակին ծառայի, ապա կազդի նաեւ ներքին խնդիրների նվազմանը, քանի որ շատ հարցեր հենց հեռախոսով են քննարկվում:

Պետրոսյանցի խոսքով՝ կան նաեւ մարդու անձնական գաղտնիքներ, եւ պետք է հասկանալ այն սահմանը, թե ինչն է լսվելու, ինչը՝ չէ. «Եթե սա ուղղված է նրան, որպեսզի կարողանան որոշակի պաշտոններ զբաղեցնող մարդկանց գաղտնալսել, հետո նրանց խոսակցությունները ինչ-որ բանի համար օգտագործել, դա արդեն նորմալ չէ»:

Հարցին՝ այսինքն՝ նախագիծը նաեւ բացասակա՞ն կողմեր ունի, փորձագետը պատասխանեց. «Հիմնավորման մեջ նշված է, որ նույնիսկ այն դեպքում գաղտնալսում իրականացնել, երբ առկա չեն հիմքեր, հենց այստեղ է առաջանում հարցը: Այսինքն՝ ստացվում է, որ ցանկացածին կարող են գաղտնալսել՝ առանց որեւէ հիմք ունենալու: Եթե կան հիմքեր ինչ-որ բան գաղտնալսելու, ես համաձայն եմ, թող գաղտնալսեն: Բայց ցանկացած անձի գաղտնալսելը սխալ է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով