Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 10-ին, ժամը 05:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող Վերականգնողական կենտրոնում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի երրորդ մասնաշենքի 1-ին հարկի ննջասենյակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:57-ին, մարվել՝ 06:15-ին: Ամբողջությամբ ծխահարվել է ննջասենյակը (մոտ 12 քմ) եւ մասամբ այրվել՝ գույքը:
Տարհանվել են 2 աշխատակից եւ 10 երեխա. Ռոման Է.-ին (ծնված 1997 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: