Այլ ԱՐԽԻՎ ԺԱՄԱՆՑ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

2006-ին եւ 2015-ին նույնատիպ ներկայացումները ծափերով ընդունվեցին, այսօր բռնությամբ ու քարկոծումով. ճաշա՞կ է փոխել

Արդեն քանի օր է՝ չեն դադարում Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում ներկայացված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման քննադատություններն ու դրա առիթով առաջացող կոնֆլիկտները:

Ներկայացմանը տարբեր որակումներ տված հանրության շրջանում կամաց-կամաց ի հատ են գալիս նաեւ մարդիկ, որոնք դատապարտում են ցանկացած տեսակի բռնություն ստեղծագործողի նկատմամբ: Այս մարդիկ ամեն գնով փորձում են ցույց տալ, որ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ժամանակ կոնֆլիկտային իրավիճակներն ու միանշանակ բացասական երանգավորումը որոշ անձանց կողմից ուղղորդված եւ լավ հաջողված քայլ է եղել:

Ավելի ուշ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվեցին տարիներ առաջ արված լուսանկարներ, որոնք նմանատիպ ներկայացման մասին են: Երեւանի Շառլ Ազնավուր հրապարակում սպիտակ հագուստներով, ներկված դեմքերով մոտ 8 աղջիկ են, որոնք էլ առաջին հայացքից նույնատիպ շարժումներ են անում, ինչ «CoCholab» դպրոցի 12 հոգուց բաղկացած թատերախմբի սպիտակ հագուստներով ու կապույտ մազերով (ոչ բոլորը) աղջիկները՝  «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ընթացքում:

Լուսնկարները հրապարակող ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ Արման Կարախանյանի խոսքով՝ ներկայացումը ներկայացվել է 2006 թվականին, ինքն էլ անցենլիս է եղել եւ անտարբեր չի մնացել: Նա վստահեցրեց՝ այդ ժամանակ տարածքում խանգարողներ չեն եղել, «զելյոնկայով» մարդիկ եւս չեն նկատվել: «Ասեմ ձեզ, որ շատ լավ ընդունեցին եւ շատ ավելի էքստրավագանդ էր, ընկնում էին գետնին եւ այլն: Ծափերով ընդունվեց ներկայացումը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց Արման Կարախանյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ այդ ներկայացումից 13 տարի է անցել եւ այս պահին կդժվարանան ասել, թե այն ինչպես է կոչվել կամ դրան նախարարությունը գումար հատկացրել է, թե՝ ոչ: ԿԳՄՍ-ի «հնաբնակները» եւս դժվարացան հիշել:

Ներկայացումը թերեւս ցուցադրվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Հովեյանի՝ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար եղած ժամանահատվածում (նա պաշտոնավարել է 2004-2006 թվականներին) :

Հատկանշական է, որ ընդամենը երկու ամիս էլ հանրության բուռն արձագանքին էր արժանացել ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Զույգ արեգակներ» բալետային ներկայացումը: Դրան հաջորդեց քննադատությունների տեղատարափը, սակայն «ՀուԶանք ու Զանգ»-ի մասնակիցների նման բալետային խմբի տղաները բռնություն չենթարկվեցին: 2 գործողությամբ բեմականացումն ու հատկապես պարող տղաների երկարափեշ հագուստը հակասական կարիծիքների տեղատարափ էր առաջացրել հանրության շրջանում: Բալետային խումբը հանդես էր եկել Գյումրիում, Հայաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում:

«ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը կապեցին սատանիզմի եւ ապազգայնության հետ, «Զույգ արեգակներ»-ի դեպքում էլ այն դիտարկվեց որպես միասեռականության եւ տրանսգենդերների քարոզ: Շատեր համար անհասկանալի էր, թե ինչ կապ ուներ բեմադրությունն օրվա խորհրդի՝ անկախության տոնի հետ, նրանք դա համարեցին «Ստամբուլյան» կոնվենցիայի քողարկված գովազդ:

Անդրադառնալով քննադատություններին՝ բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը ՀԺ-ին հայտնել էր, որ «Զույգ արեգակներ» ներկայացումը 2015 թվականին բեմականացվել է ՀՀ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

Ներկայացումը Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական միջոցառումների ցանկում ներառված ներկայացումների շարքում է եղել եւ, ըստ հեղինակի, ցույց է տվել այն ամենը, ինչ հայերը ստեղծել են հազարամյակների ընթացքում՝ հանձնելով համաշխարհային մշակույթին: Բալետմայստերը նկատել էր՝ այն ժամանակ ներկացումը չի քննադատվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով