Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հնարավոր է աշակերտների արտաքին ընթացիկ գնահատականը շուտով փոխարինի միասնական քննությանը․ նախագիծը քննարկվում է

Հանրապետության հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիների շրջանում ընթացիկ գնահատում է իրականացվում հայոց լեզու եւ հանրահաշիվ առարկաներից: Քննություններն անցկացնում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը: Գրավոր աշխատանքներին մասնակցում է 14 հազար դպրոցական՝ 7000 հոգի հայոց լեզու, 7000՝ հանրահաշիվ առարկաներից: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

Ընթացիկ գնահատման ժամանակ կստուգվեն դպրոցականների գիտելիքները, իսկ նրանք կծանոթանան կենտրոնացված ավարտական քննության անցկացման ձեւաչափին, ձեւաթուղթ լրացնելուն։ Մայրաքաղաքի 44 դպրոցների աշակերտներ գրավոր աշխատանքները սկսել են դեռ նոյեմբերի 5-ից, իսկ մարզերում քննությունները կազմակերպվել են անցած երեք շաբաթների ընթացքում:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը, ընթացիկ գնահատման գրավոր աշխատանքները կավարտեն մոտ 10 օրից: Աշխատանքի նպատակը դպրոցի, աշակերտի, նրա ծնողի, ԳԹԿ-ի եւ վերջապես Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համար տեղեկատվություն հավաքելն է: «Ընթացիկ գնահատման ժամանակ նույն աշակերտի գնահատականը համեմատում ենք նախորդ տարվա գնահատականի հետ, այդ աշակերտի ուսման  մեջ առաջադիմության կամ ետընթացի մասին ինֆորմացիա ենք հավաքում»,-նշեց Կարո Նասիբյանը՝ հավելելով, որ ստացված արդյունքներով հետագայում ոլորտում նոր քաղաքականություն են մշակում, թեստերի մեջ թարմացումներ մտցնում:

Ընթացիկ գնահատումը, ճիշտ է, միասնական քննության նման խիստ չի անցկացվում, սակայն դպրոցի գրավոր աշխատանքի նման էլ չի լինում: Այսպես դպրոցականները կամաց-կամաց նախապատրաստվում են տարեվերջյան ավարտական կենտրոնացված քննությանը:

Ընթացիկ գնահատակա՞ն, թե միասնական քննություն. նոր նախագիծ է մշակվել

Ընթացիկ գնահատման վերաբերյալ ԳԹԿ-ն նոր նախագիծ է մշակել, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է:

Նախատեսվում է կյանքի կոչել մի գաղափար, որ արտաքին ընթացիկ գնահատման արդյունքը հետագայում աշակերտները կարողանան օգտագործել նաեւ բուհի ընդունելության ժամանակ: Այսինքն՝ տարիների արդյունքում ստացված արտաքին ընթացիկ գնահատականը կարող է դիմորդը օգտագործել՝ միասնական քննություն տալու փոխարեն, սակայն կարող է եւ չօգտագործել, եթե իրեն գնահատականը չբավարարի։ Այդ դեպքում նա միասնական քննություն կհանձնի: Ծրագիրն արդեն քննարկվել է ԿԳՄՍ նախարարությունում: Նասիբյանի խոսքով՝ եթե մյուս տարի այն չընդունվի, ապա երկու տարի հետո շրջանառության մեջ կդրվի:

ԳԹԿ փոխտնօրենը նաեւ անդրադարձավ 9-րդ դասարանի ավարտական կենտրոնացված քննություններին: Հայտնի է, որ անցյալ տարի կենտրոնացված կարգով անցկացվեց հայոց լեզու առարկայի քննությունը։ Նախատեսվում էր, որ այդկերպ անցկացվող քննությունների թիվը հետագա տարիներին պետք է ավելացվի։ Ամենայն հավանականությամբ, ընթացիկ ուսումնական տարվա ավարտին 9-րդ դասարանի աշակերտները կենտոնացված քննություն կհանձնեն նաեւ հանրահաշիվ առարկայից: Համապատասխան նախագիծն այժմ քննարկվում է ԿԳՄՍ նախարարությունում։ Վերջնական որոշում դեռ չկա:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր արդյոք, որ մոտակա ժամանակներում աշակերտները սկսեն բոլոր առարկաներից կենտրոնացված քննություն հանձնել, Նասիբյանը քիչ հավանական համարեց, առայժմ միայն հանրահաշվի հարցն է քննարկվում:

անբավարարը շատացել է, գերազանցը՝ նվազել

Թե ինչ պատկեր է ստացվել 9-րդ դասարանի ավարտական հայոց լեզվի քննությունը կենտրոնացված կարգով հանձնելուց հետո՝ կպատմեն վիճակագրական թվերը: Անցած տարի հանրապետությունում քննություն են հանձնել 31.000-ից ավելի 9-րդ դասարանցիներ: Քննությունից անբավարար է ստացել 1665 հոգի, իսկ 2018 թվականին արդեն ոչ կենտրոնացված քննության մասնակիցների թիվը 29.186 է եղել, որոնցից անբավարար գնահատական ստացել է 331-ը: Այս տարի գերազանց՝ 18-20 միավոր ստացածների թիվը 700 է, իսկ նախորդ տարի՝ 4097:

Աշակերտները 2018 թ.-ին քննությունները հանձնել են իրենց դպրոցներում, 2019 թ.-ին տվյալ շրջանի բոլոր 9-րդ դասարանցիները մեկ վայրում են աշխատանքը գրել:

Անի Ավագյան

armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով