Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ-ը կղեկավարի հունվարի 1-ից

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները հաստատել են, որ 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը: Այս մասին այսօր Բիշքեկում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այսօր պետությունների ղեկավարները Ստանիսլավ Զասին շնորհավորել են 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ»,- ասել է նա:

Սեմերիկովի խոսքով՝ կազմակերպությունում նախագահությունն անցնում է Բելառուսին՝ համաձայն ՀԱՊԿ հաստատված կանոնների, երբ երկրները, որոնց ներկայացուցիչները ղեկավարում են դաշինքը, փոխարինում են միմյանց այբբենական կարգով:

Բիշքեկում կայացած ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանին մասնակցել են Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից, երբ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը վաղաժամ հետ կանչվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: 2020 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնը ռոտացիայի կարգով կփոխանցվի Բելառուսի ներկայացուցչին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշմամբ՝ պաշտոնը կզբաղեցնի երկրի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է Վալերի Սեմերիկովը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով