Aliev
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ-ն և մյուս ժողովրդավարական երկրները չպետք է անտեսեն Ալիևի կոռումպացված ավտորիտարիզմի սպառնալիքը. Freedeom House

 Ժամանակն է, որ ժողովրդավարական երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, դադարեն անտեսել այն սպառնալիքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոռումպացված ավտորիտար համակարգը ներկայացնում է տարածաշրջանում ազատությանը և ժողովրդավարությանը: Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Freedom House-ը՝ հրապարակելով Իլհամ Ալիևի ռեժիմի վերաբերյալ ամերիկյան The National Interest ամսագրի անդրադարձը:

Հոկտեմբերի 22-ին ամսագրի հրապարակած հոդվածում նշվում է, որ Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից է՝ ի տարբերություն հարևան Հայաստանի ու Վրաստանի: Անդրադարձ է կատարվում նաև «Պանդորայի փաստաթղթերում» տեղ գտած աղմկահարույց բացահայտումներին: Նշվում է, որ քաղաքական առումով Ադրբեջանը ավտորիտար բռնապետություն է, իսկ Ալիևի օրոք ապրող ադրբեջանցիները չունեն քաղաքացիական ազատություններ:

Հոդվածում շեշտվում է, որ Արևմուտքն առավելապես անտեսում է Ալիևի կոռումպացված ավտորիտար ռեժիմը՝ ելնելով քաղաքական և տնտեսական շահերից, ինչպես նաև Ադրբեջանի տարանցիկ հնարավորությունների պատճառով:

The National Interest-ի հոդվածում անդրադարձ կա նաև Արցախյան 44-օրյա պատերազմին: Նշվում է, որ ներխուժելով Արցախի տարածք՝ Ադրբեջանը իսրայելական անօդաչու սարքեր է կիրառել քաղաքացիական օբյեկտների նկատմամբ:

«Սիրիացի ջիհադիստ վարձկանների հետ Ալիևի համագործակցությունը, որոնց նա օգտագործել էր Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր պայքարում, հարցեր են առաջացնում նրա աշխարհայացքի մասին»,- նշվում է հոդվածում։

Ըստ հոդվածի՝ Ադրբեջանի տարածքային նկրտումները, որոնք Ալիևն ավելի հաճախ է հնչեցնում վերջին տասնամյակի ընթացքում, դուրս են գալիս արցախյան հակամարտության շրջանակներից և տարածվում են բուն Հայաստանի վրա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով