Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին (ANIF) վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հնչեցնելով մի շարք ոչ ճշգրիտ և իրականությանը չհամապատասխանող պնդումներ։ Այդպիսի պնդումներ և հայտարարություններ հնչում են տարբեր անձանց կողմից՝ կասկածի տակ դնելով ANIF-ի արդյունավետոթյունը և խոսելով կառույցի մասին՝ որպես ձախողված նախաձեռնության։ Մինչդեռ իրականությունը լիովին տարբերվում է հնչող գնահատականներից, ինչը փաստվում է իրական թվային պատկերով։
Խիստ հատկանշական փաստ է, որ ANIF-ի վրա պետությունը ծախսել է 4.13 մլրդ ՀՀ դրամ գումար, որի դիմաց ANIF-ը, իր դուստր ընկերություններով, պետությանը վճարել է առնվազն 5.5 մլրդ ՀՀ դրամ հարկ։ Ստացվում է՝ պետությունն իր ներդրած գումարից ավելի ոչ միայն ետ է ստացել հարկերի տեսքով, այլև նպաստել է երկրում տնտեսական աշխուժությանը, ներգրավել է միջազգային ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, հիմնել նոր բիզնեսներ։ Ի՞նչ է դա, եթե ոչ հաջող ներդրում։
ANIF-ը ստեղծվել էր 2019 թվականին՝ որպես պետական ներդրումային գործիք՝ ուղղված օտարերկրյա և տեղական ներդրումների ներգրավմանը։ Այն գործել է կիսանկախ զարգացման գործակալության մոդելով՝ համադրելով պետական ֆինանսավորումը մասնավոր հատվածին բնորոշ գործելաոճի հետ։
Չնայած գրանցված էական արդյունքներին՝ 2024 թվականի մայիսին կառավարությունը որոշում ընդունեց լուծարել հիմնադրամը՝ առանց հստակ և հրապարակված պաշտոնական հիմնավորման։
ANIF-ի արդյունքները՝ կոնկրետ թվերով
ANIF-ի գործունեության ընթացքում՝ արձանագրվել են հետևյալ տնտեսական ցուցանիշները՝
- Ներգրավվել է 210 միլիոն ԱՄՆ դոլար օտարերկրյա ներդրում՝ հիմնականում Մերձավոր Արևելքից և Եվրոպայից։
- Իրականացվել է 6.9 միլիարդ դրամ տեղական ներդրում։
- Ապահովվել է 900 միլիոն դրամ մասնավոր համաֆինանսավորում։
- Ստեղծվել է ավելի քան 800 աշխատատեղ Հայաստանում։
- Պետական բյուջե վճարվել է 5.5 միլիարդ դրամ հարկ (2021–2024 թթ. ընթացքում)։
- Գործարկվել է ARFI ներդրումային թվային հարթակը։
- Այս բոլոր արդյունքներն ապահովվել են 4.13 միլիարդ դրամ պետական ծախսի դիմաց, ինչը վկայում է միջոցների արդյունավետ օգտագործման և դրական ֆինանսական վերադարձի մասին։
Ովքե՞ր են աուդիտի ենթարկել ընկերությանը
ANIF-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ստուգվել են աշխարհի առաջատար աուդիտորական ընկերությունների՝ Grant Thornton Armenia-ի և KPMG Armenia-ի կողմից։ Grant Thornton-ը գործում է ավելի քան 150 երկրում՝ շուրջ 73,000 աշխատակցով։ Հայաստանում ներկայացված է 1993 թվականից՝ ավելի քան 150 մասնագետների թիմով։ KPMG-ը՝ 145 երկրում ներկայացված աուդիտորական ցանց է՝ 275,000 աշխատակցով։ Երկու ընկերություններն էլ հաստատել են, որ ANIF-ի ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Չարաշահումներ կամ էական խախտումներ չեն հայտնաբերվել։
Ինչո՞ւ վարկաբեկվեց և լուծարվեց ANIF-ը
Այս հանգամանքներում հիմնադրամի շուրջ տարածված բացասական քարոզչությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր քաղաքական մրցակցությամբ և որոշ խմբերի՝ տնտեսական լծակները վերահսկելու ձգտմամբ։ Հիմնադրամի կիսանկախ մոդելը, որը գործելու որոշակի ազատություն էր տալիս, ընկալվել է որպես խոչընդոտ՝ տնտեսական քաղաքականության լիակատար կենտրոնացման տեսանկյունից։
Բացի այդ, կառավարման կազմում իրականացված կադրային փոփոխությունները, երբ երբեմն նշանակվում էին փորձառությամբ չբացարձակվող անձինք, ևս նպաստել են ներքին խոչընդոտների առաջացմանը։
Անշուշտ, ANIF-ը կարող էր հասնել ավելին։ Հիմնադրամն ուներ ավելի մեծ ներուժ, որը կարող էր իրացվել՝ համապատասխան պայմանների ապահովման դեպքում։ Սակայն դրա գործունեությունը խոչընդոտվել է քաղաքական միջամտություններով և կառավարման անկայունությամբ։ Եթե ANIF-ը շարունակեր գործել կայուն, ոչ քաղաքականացված միջավայրում, հնարավոր էր ավելացնել ներգրավվող ներդրումների ծավալը, ինչպես նաև ստեղծել ավելի մեծ տնտեսական ազդեցություն։
Կարդացեք ավելին սկզբնաղբյուրում Radar.am