Aghvan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աղվան Վարդանյանը մանիպուլացրել է խոշոր հարկատուների ցանկի մասին տեղեկատվությունը. Տեղեկատվության ստուգման կենտրոն

 Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանի պնդումը, թե պետական մի շարք գերատեսչություններ 2020-ից հետո են դարձել խոշոր հարկատու, կեղծ է, իսկ դրա վրա կառուցած դատողությունները՝ մանիպուլյատիվ։

Ազգային ժողովում ելույթի ժամանակ Աղվան Վարդանյանը, անդրադառնալով 2020-21 թվականների 1000 խոշոր հարկատուների ցանկում ԱԱԾ, ՊԵԿ, Ոստիկանության և այլ պետական մարմինների ներառված լինելուն, նշել է, որ դա պայմանավորված է տվյալ կառույցներում ստացվող բարձր աշխատավարձերով և մեծ աշխատակազմերի առկայությամբ։

«Մինչև 2019 թվականը ԱԱԾ-ն չի եղել խոշոր հարկ վճարողների ցանկում, հայտնվել է 2020 թվականից։ Փաստորեն, ԱԱԾ-ն խոշոր հարկ վճարող է դարձել այդ մարդու իշխանության գալուց հետո…»,- հայտարարել է Աղվան Վարդանյանը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» տվյալ հայտարարության վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից պարզաբանում ստացավ, որի համաձայն՝ պետական հատվածի մարմինների հայտնվելը խոշոր հարկատուների ցանկում պայմանավորված է բացառապես վճարումների հաշվարկման նոր մեթոդաբանությամբ։ 2020 թ. Կառավարության N2157-Ն որոշման համաձայն հաստատված նոր մեթոդաբանության համաձայն՝ 2021 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով հրապարակվող ցանկերում ներառվել են նաև պետական հատվածի հարկ վճարողները։ Մինչև 2021 թվականը հրապարակվող 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերում ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեն և այլ պետական մարմինները չեն ընդգրկվել, որովհետև նախկին մեթոդաբանությամբ դրանց ներառումը նախատեսված չի եղել։

«Միաժամանակ, 2020 և 2021 թվականների տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով 2021 թվականի հունվարի 1-ից հրապարակվող ցանկերին զուգահեռ կայքում տեղադրվում են նաև 2020 թվականի համապատասխան ժամանակահատվածին վերաբերող համադրելի տվյալները»,- հայտնել են ՊԵԿ-ից։

 

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով