ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 41 հասցեի շենքն օտարելու գործընթացի շրջանակներում կազմել են անհիմն փաստաթղթեր, իսկ հիշյալ վարչության պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությունը ընդամենը մեկ օրում կատարել է գույքի գնահատում՝ հիշյալ շենքը 2018 թվականի հունվարի 30-ին գնահատելով իրականից անհամեմատ ցածր՝ 259․304․000 դրամ։ Այնուհետև, մարտի 15-ին կառավարության որոշման հիման վրա կնքված պետական գույքի օտարման պայմանագրով շենքը 216․086․667 դրամով վաճառվել է մի ընկերության, որը շենքը գնելուց ընդամենը 2 օր անց այն բանկում գրավադրել է՝ 539․000․000 դրամով։ Այս կերպ պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել նախաքննական մարմնին։