Դեկտեմբերի 30-ին, ժամը 04:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Նոր Արեշի 50-րդ փողոցում «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դերենիկ Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թիվ 45/4 հասցեում գտնվող կիսակառույց շինության պատին, ինչի հետևանքով պատից մոտ 2 քմ հատված փլուզվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենան քաղաքացիների ուժերով հոսանքազրկել են և փակել գազի բալոնի փականը:
Դեպքի վայրում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: