Այլ ԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊՈՐՏ

ՀՖՖ-ն 1 օրվա մեջ փոխել է որոշումը. հավաքականի մարզիչ կլինի ոչ թե Գրիգորյանը, այլ Խաշմանյանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ոչ թե ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիհորյանը, այլ Աբրահամ Խաշմանյանը: Ոչ ամբողջական 1 օրվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետ է կանգնել Գրիգորյանին նշանակելու որոշումից: Այսօր՝ նոյեմբերի 6-ին, պաշտոնապես հայտարարել է, որ մինչեեւ 2020թ. նոյեմբերի 30-ը պամանագիր է կնքել Աբրահամ Խաշմանյանի հետ, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն էլ ինստագրամում լուսանկար է հրապարակել նրա հետ:

Դեռ երեկ հստակ տեղեկատվություն կար, որ ընտրանին գլխավորելու է Գրիգորյանը, սակայն այսօր պարզվեց, որ 53-ամյա մասնագետն այդ աշխատանքը չի կատարի: Ռուսական championat.com-ը եւս անդդրադարձել է թեմային եւ մանրամասներ հայտնել չկայացած գործարքի մասին: Նշել է, որ այսօր Գրիգորյանը գնացել է ֆեդերացիա արդեն իսկ համաձայնեցրած պայմանագիրը ստորագրելու համար, բայց նրան հայտնել են, որ որոշումը փոխված է:

Ավելի վաղ մեր աղբյուրները հաստատել էին մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի, աշխատանքը կատարելու էր Գրիգորյանը: Նշվում էր, որ նրա թեկնածությունը պնդել են «Բանանց»-ի (այժմ «Ուրարտու») սեփականատեր Ջեւան Չելոյանցն ու «Լոռի»-ի սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը, ու Վանեցյանն էլ, դեմ գնալով գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի ու տեխնիկական տնօրեն, իսպանացի ճանաչված մասնագետ Խինես Մելենդեսի կարծիքներին, հավաքականի ղեկը վստահել նրան:

Մեր աղբյուրներն այսօր նշեցին, որ Գրիգորյանի ծառայություններից հրաժարվել են մամուլում եղած ճնշման պատճառով: Հրապարակումներից հետո քննադատության մեծ ալիք բարձրացավ այս թեկնածության վերաբերյալ: Թեեւ կային Գրիգորյանի տարբերակին հավանություն տվողներ, սակայն, ինչպես երեւում է, հակառակ կարծիքն ավելի ուժեղ էր: Սոցցանցերում Գրիգորյանի դեմ խոսեցին ֆուտբոլասերներ, լրատվամիջոցներում տարածվեցին մասնագիտական կարծիքներ՝ ի դեմս ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկի: Հաճախ շեշտվող փաստարկներից մեկն այն էր, որ այս մասնագետը հաջողության է հասել միայն կանանց ֆուտբոլում մարզիչ աշխատելով:

Ինչ վերաբերում է Խաշմանյանին, ապա այս պահը հասունանում էր, հայկական ֆուտբոլային աշխարհում վաղուց էին սպասում նրան այս պաշտոնում տեսնելուն: Այն պահից ի վեր, ինչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց, նա, ինչպես նաեեւ «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը դարձան հավաքականի երկրպագուների հիմնական թեկնածուներից: Կային կարծիքներ, որ մարզիչը պետք է լինի արտասահմանցի, սակայն եթե ամեն դեպքում Հայաստանից է լինելու, ապա թող այս երկուսից մեկը լինի: Բիչախչյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ իր տարբերակը բացառվում է: Խաշմանյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ընտրանին գլխավորելու հավանականությունը: Ասաց, որ այդ թեմայով չի խոսի:

Նրա գլխավորած վերջին ակումբը եղել է «Ալաշկերտ»-ը, որի հիմնական հաջողությունները կապված են հենց Խաշմանյանի հետ: Մի քանի անգամ հեռացել ու վերադարձել է «Ալաշկերտ»: Վերջին անգամ թիմը թողել է այս տարվա սեպտեմբերին ու մինչեւ այժմ աշխատանք չուներ: 51-ամյա մասնագետը գլխավորել է նաեւ «Կիլիկիա»-ն, «Գանաձսար»-ն ու Երեւանի «Արարատ»-ը: Ունի նաեւ Հայաստանի հավաքական թիմերում աշխատելու փորձ: Նա 2013թ. մարզել է ՀՀ մինչեեւ 19 տարեկանների, 2013-2014թթ.՝ մինչեւ 21 տարեկանների հավաքականը: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ում, «Կոտայք»-ում, «Շիրակ»-ում, ՀՄԸՄ-ում, «Հոմենեթմեն Բեյրութ»-ում «Երեւան»-ում, «Էրեբունի»-ում, «Միկա»-ում:

Այսպիսով Խաշմանյանը թիմին կառաջնորդի Եվրո 2020-ի ընտրական փուլի վերջին 2 խաղերում: Նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 9-րդ տուրի շրջանակներում կընդունի Հունաստանին: Նոյեմբերի 18-ին կհյուրընկալվի Իտալիային:

Այս պահի դրությամբ Հայաստանը Եվրո 2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու միայն տեսական հնարավորություններ է պահպանում: Որակավորման փուլի ավարտից 2 տուր առաջ J խմբում 3-րդն է 10 միավորով: 2-րդ տեղում Ֆինլանդիան է, որը 15 միավորով իրեն ապահով է զգում: Իտալիան անվիճելի առաջատրն է: Ժամանակից շուտ նվաճել է ուղեգիրը: Այս պահին ունի 24 միավոր:

ՀՖՖ հավաքականների բաժինն արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ակումբներին արդեն ուղարկել է հրավերները: Շուտով հայտնի կդառնան նաեւ այն խաղացողների անունները, որոնք առաջիկա 2 խաղերում կլինեն Աբրահամ Խաշմանյանի տրամադրության տակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով