Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊՈՐՏ

Վանեցյանը պատրաստ է հրաժարական տալ. նա ասել է՝ ինչ պայմանով

Վերջին 3 ամիսների ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները, տիրող մթնոլորտը և ներքին տարաձայնություններն ունեցան իրենց ուղիղ ազդեցությունը Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթների վրա, որոնց գագաթնակետը դարձավ Իտալիա-Հայաստան հանդիպումը։

Այս մասին ասվում է «Առաջին Հայկական Ճակատ» շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ: Դրանում նաեւ նշվում է.

«Ժամանակավրեպ ենք համարում Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների ներքին հակասությունների մեջ փնտրել մեղավորին: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այս հակամարտությունը շարունակական վնաս է հասցնում մեր ֆուտբոլին: Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարծում ենք, որ և՛ Արթուր Վանեցյանը, և՛ Գործադիր կոմիտեի ամբողջ կազմը պետք է հաջորդաբար հրաժարականներ ներկայացնեն:

Հույժ կարևոր խնդիր է ՀՖՖ ժողովի (սա ՀՖՖ բարձրագույն մարմինն է, որն ընտրում է և՛ նախագահին, և՛ գործկոմի անդամներին) կազմի ֆիլտրումը, քանի որ այստեղ գրանցված 35 հասարակական կազմակերպությունների գերակշիռ մասը ունեն անհայտ ծագում, մի մասն առհասարակ չի գործում և կրում է սիմվոլիկ բնույթ, ինչպես նաև այստեղ է հայտնվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի «թեթև ձեռքով»՝ ծառայելով նեղ անձնական շահերի։

«Առաջին Հայկական Ճակատ» շարժման ղեկավար խորհրդի անդամները գործկոմի նիստից առաջ հանդիպել են ՀՖՖ նախագահի հետ և առաջարկել քայլերի հետևյալ հաջորդականությունը՝ ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրում՝ ձևավորելով անաչառ, իրական ֆուտբոլային մարմին, ՀՖՖ նախագահի հրաժարական, գործադիր կոմիտեի արձակում։

Կարծում ենք՝ քաղաքական գործիչները և ֆուտբոլի հետ աղերս չունեցող մարդիկ չպետք է հայտնվեն գործադիր կոմիտեի կազմում, ինչպես նաև այստեղ չպետք է լինեն ակումբների սեփականատերը, որպեսզի չստեղծվեն անհավասար պայմաններ հայկական ակումբային ֆուտբոլում։

«Առաջին Հայկական Ճակատ» շարժման ղեկավար խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել մեր կողմից ներկայացված հրաժարականի հորդորը՝ պայմանով, որ գործադիր կոմիտեի անդամները ևս հեռանան, և իրականացվի ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրում և մաքրում անհայտ ծագմամբ և ոչ ֆուտբոլային ՀԿ-ներից, որոնք մեր պահանջների հավասարաչափ կարևոր կետերն են։

Այս հայտարարության պահանջը պետք է իրականացվի ամենասեղմ ժամկետներում, այլ ճանապարհ չկա»։

 

 

 

armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով