Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ-կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որևէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում, և Հայաստանի արտգործնախարարությունը չի մեկնաբանում դրանց շփումները իրենց երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամների հետ։ Այս մասին հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հանդիպման վերաբերյալ հարցին։
«Հայաստանի փորձագիտական շրջանակում ակտիվանում են քննարկումներն այն առնչությամբ, որ խաղաղ գործընթացում առավել մեծանում է ԼՂ ադրբեջանական համայնքի դերը խաղաղ կարգավորման գործընթացում, ինչի մասին են վկայում նաև համանախագահ երկրների դեսպանների հանդիպումը համայնքի ղեկավար Թուրալ Գյանջիալիևի հետ: Արդյոք կա՞ նման զարգացում», — այս հարցին ի պատասխան, ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, Նաղդալյանը նաև շեշտել է. — «Կրկնեմ, որ հակամարտության կողմերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Սկսած 1992 թվականից Արցախի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչների կարգավիճակով մասնակցել են խաղաղ գործընթացին: ԼՂ իշխանությունները ՀՀ-ի և Ադրբեջանի հետ մեկտեղ ստորագրել են հրադադարի հաստատման կոչ պարունակող Բիշքեկի արձանագրությունը, իսկ նույն 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրվել է եռակողմ բանակցային ձևաչափը, որը բխում է 1994թ.-ի եռակողմ՝ ԼՂ, Ադրբեջան և Հայաստան հրադադարի համաձայնագրից»: