qaxaqapetaanr
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Եթե օրենսդրությունը չի արգելում, դա արդեն անողի պատասխանատվության դաշտում է. Կարապետյանը՝ Թադևոսյանի նշանակումների մասին

Ապրիլի 26-ին «Փաստերի ստուգման հարթակը» (fip.am) հրապարակել էր մի հոդված, որտեղ նշված է, որ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը թաղապետարանի տարբեր հաստիքներում է նշանակել կոռուպցիայի համար նախկինում դատապարտված, խաղաղ ցուցարարների ծեծուջարդին մասնակցած ՀՀԿ-ական մի շարք կադրերի:

Կայքը նաեւ մատնանշել էր, որ Թադեւոսյանի հետ սեփական բիզնեսում փոխկապակցված անձինք թաղապետարանում տարբեր ստորաբաժանումներում են աշխատում: Օրինակ՝ 2020 թվականին Թադեւոսյանն իր տեղակալ է նշանակել Գեւորգ Բադեյանին, իսկ վերջինիս տղան՝ Երեմ Բադեյանը, եւս աշխատում է նույն թաղապետարանի բաժիններից մեկում՝ որպես առաջատար մասնագետ։

Թադեւոսյանի մյուս տեղակալը՝ Կարեն Մկրտչյանը, որը նշանակվել է այս պաշտոնին 2020 մարտին, նույնպես նախկին հանրապետական է, որը 2017-2019 թվականներին եղել է Վարդենիսի քաղաքապետի տեղակալը, իսկ 2017-ի ընտրությունների ժամանակ ակտիվ աշխատել է ՀՀԿ-ի համար:

Թաղապետարանում վերջին նշանակումներից է նաեւ Արամայիս Ավետիսյանը, որը, ըստ fip.am-ի, 2016 թվականի հուլիսի 29-ին՝ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ, մասնակցել է ցուցարարների վրա հարձակումներին: Նա հենց այն քաղաքացիական հագուստով անձանցից է եղել, որոնք ծեծ ու ջարդի են ենթարկել խաղաղ ցուցարարներին: Այդ ժամանակ Արամայիս Ավետիսյանը քաղաքապետարանում որպես բաժնի պետ է աշխատել եւ 2016 թվականի դեկտեմբերին կաշառք ստանալիս բռնվել:

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով կայքի հրապարակած տեղեկություններին, նկատեց, որ Աջափնյակ վարչական շրջանի ներկայիս ղեկավար Թելման Թադեւոսյանը մինչեւ այդ նշանակումը ղեկավարել է Նուբարաշեն վարչական շրջանը, եւ այդ պաշտոնում իր ցուցադրած արդյունքները հիմք են հանդիսացել, որպեսզի քաղաքապետը նրան առաջարկի ավելի ընդարձակ ու բազմամարդ վարչական շրջանի ղեկավարումը:

«Պարոն Թադեւոսյանը պատվով կատարել է իր պարտականությունները Նուբարաշենում եւ շարունակում է կատարել Աջափնյակում: Ինչ վերաբերում է Թադեւոսյանի վարած կադրային քաղաքականությանը, կամ ներկայումս նրա հետ Աջափնյակում աշխատող այս կամ այն պաշտոնյային, կարծում եմ՝ ավելի տեղին է լսել հենց նրա մեկնաբանությունը: Համենայն դեպս ներկայումս կամ նախկինում այս կամ այն կուսակցության անդամ լինելը բացարձակ հիմք չէ՝ անձի կատարած աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար»,- ասաց Կարապետյանը:

Ըստ fip.am-ի՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը տարբեր պաշտոնների է նշանակում իր հետ միասին Երեւանի մետրոպոլիտենից արտոնյալ գնով տարածք վարձակալելու սխեմաների մասնակցած անձանց: Ուսումնասիրության համաձայն՝ Թելման Թադեւոսյանին նախկինում պատկանած «Զառա» ՍՊԸ-ն 2013 թվականին Երեւանի մետրոպոլիտենի հետ 25 տարով տարածքի վարձակալության պայմանագիր էր կնքել՝ վարձակալելով «Սասունցի Դավիթ» կայարանի 38․4մ² մակերեսով նախասրահը։ Ընդ որում, «Զառա» ՍՊԸ-ն հիմնադրվել էր այդ պայմանագրի կնքումից 18 օր առաջ։ Թեեւ ստեղծման պահին «Զառա» ՍՊԸ-ի բաժնեմասերի 100 տոկոսը պատկանել է Թելման Թադեւոսյանին, սակայն հետագայում 50 տոկոսն օտարվել է մետրոպոլիտենի աշխատակից Գուրգեն Մինասյանին, իսկ 2018 վականին հուլիսին Թելման Թադեւոսյանը մնացած 50 տոկոս բաժնեմասն օտարել է հենց վերը նշված Երեմ Բադեյանին։

Հակոբ Կարապետյանը նկատեց, որ համատեղ բիզնես ունենալու կամ ճանաչած մարդուն նշանակելու մեջ որեւէ խնդիր չի տեսնում: Ըստ խոսնակի՝ թերեւս միակ խնդիրն այն է, որ Թադեւոսյանը նշանակել է մարդու, որը նախկինում դատապարտված է եղել կաշառակերության համար: «Քաղաքապետարանը խնդիր է տեսնում այն տեղում, որտեղ դրանք օրենսդրականան մակարդակում են, եթե օրենսդրությունը չի արգելում նշանակել այս կամ այն պաշտոնին, ուրեմն տվյալ նշանակումն արդեն դա անողի պատասխանատվության դաշտում է»,- եզրափակեց Կարապետյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով